Շվեյցարիան դիվանագիտական առաքելություն է վերաբացել Փխենյանում
Կարդացեք նաև
Շվեյցարիան պաշտոնապես վերաբացել է իր դիվանագիտական ներկայացուցչությունը Հյուսիսային Կորեայում, իսկ երկրի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը դարձել է 2003 թվականից ի վեր Փխենյան այցելած շվեյցարացի առաջին արտգործնախարարը։ Հոկտեմբերի 29-ին և 30-ին Փխենյանում գտնվելուց հետո Կասիսը մեկնել է Սեուլ։ Շվեյցարիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ այցի հիմնական նպատակը Հյուսիսային Կորեայի հետ ուղիղ քաղաքական երկխոսության վերականգնումն է՝ բաժանված թերակղզու երկու կողմերի հետ էլ շփումները պահպանելու համար։ Հոկտեմբերի 19-ին վերաբացված ներկայացուցչությունը ենթարկվում է Պեկինում Շվեյցարիայի դեսպանությանը, որն պատասխանատու է ԿԺԴՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների համար։ Նախկին ներկայացուցչությունը, որը զբաղվում էր հումանիտար համագործակցությամբ, փակվել էր 2020 թվականին՝ COVID-19 համավարակի պատճառով։
Փխենյանում Կասիսը հանդիպումներ է ունեցել Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Չոյ Սոն Հիի և իշխող Աշխատավորական կուսակցության Կենտկոմի քարտուղար Չո Են Վոնի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են քաղաքական երկխոսության վերականգնումը, Կորեական թերակղզու անվտանգությունն ու Եվրոպայում և Ասիայում առկա մարտահրավերները։ Կասիսը Keystone-ATS գործակալությանը հայտնել է, որ շվեյցարական կողմը միջնորդություն է առաջարկել լարվածությունը թուլացնելու համար, ինչը դրական է ընդունվել։ Դրանից հետո Կասիսն այցելել է Սեուլ, որտեղ Հարավային Կորեայի պաշտոնյաները հույս են հայտնել, որ Շվեյցարիայի ներկայացուցչությունը կօգնի ակտիվացնել երկխոսությունը Հյուսիսի հետ՝ թերակղզում վերստին աճող ռազմական լարվածության ֆոնին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում