Օրվա տարածաշրջանային պատկերը․ 10 կարևոր իրադարձություն
Կարդացեք նաև
Իրանի շուրջ շարունակվող լարվածությունը, Հորմուզի նեղուցի ապագան, Բաքու–Թեհրան հարաբերություններում նոր ազդակները, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ներքաղաքական զարգացումներն օգոստոսի 10-ին մեր տարածաշրջանի լրահոսի հիմնական թեմաներից են։
Ներկայացնում ենք օրվա 10 կարևոր զարգացումները։
1. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Հորմուզով ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավերի անցումը սահմանափակելու ծրագրին
Իրանի խորհրդարանն այսօր հավանություն է տվել Հորմուզի նեղուցի անվտանգության վերաբերյալ ռազմավարական ծրագրի հիմնական դրույթներին։
Նախագիծը նախատեսում է արգելել ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի կողմից թշնամական համարվող երկրների հետ կապված նավերի անցումը Հորմուզով։ Սահմանափակումները կարող են տարածվել նաև այն պետությունների և ընկերությունների վրա, որոնք, Թեհրանի գնահատմամբ, վնաս են հասցրել Իրանին՝ մինչև համապատասխան փոխհատուցման վճարումը։
2. Իրանի ԱԳՆ․ Հորմուզի վերաբացման համար անհրաժեշտ պայմանները դեռ չկան

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային այսօր հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերականգնելու համար անհրաժեշտ պայմանները դեռևս չեն ձևավորվել, քանի դեռ շարունակվում է ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը։
Թեհրանը պահանջում է, որ Վաշինգտոնը դադարեցնի իր գործողությունները և փոխհատուցի պատճառված վնասները, որից հետո հնարավոր կլինի քննարկել հետագա քայլերը։
3. ԱՄՆ-ը հայտարարում է Իրանի ռազմածովային շրջափակումը շարունակելու մասին
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, այսօր հայտարարել է, որ շարունակում է Իրանի դեմ ռազմածովային շրջափակման իրականացումը։
Ըստ ամերիկյան կողմի՝ վերջին գործողությունների ընթացքում փոխվել է տասնյակ առևտրային նավերի երթուղի, մի քանի նավ կանգնեցվել կամ ստուգվել է, իսկ տարածաշրջանում տեղակայված է ավելի քան 20 ամերիկյան ռազմանավ։
4. Ալիևը խոսել է Ադրբեջանի և Իրանի փոխադարձ աջակցության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները դժվար ժամանակներում մշտապես աջակցել են միմյանց։
Նրա հայտարարությունը հաջորդել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքերին, ըստ որոնց՝ Ադրբեջանը վերջին շրջանում Թեհրանին օգնել է նաև տրանսպորտային երթուղիների հետ կապված խնդիրների լուծման հարցում։
5. Իրանը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական համաձայնագիրը
Իրանի ԱԳՆ-ն այսօր պաշտոնապես արձագանքել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված հավաքական պաշտպանության համաձայնագրին։
Թեհրանը հայտարարել է, որ այդ քայլը ցույց է տալիս՝ տարածաշրջանի պետությունները գիտակցում են, որ իրենց անվտանգությունը չեն կարող կառուցել բացառապես արտաքին ուժերին ապավինելով։
6. Ռուսաստանը շարունակում է Իրանի Բուշեհրի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկների շինարարությունը
«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն այսօր հայտարարել է, որ Իրանի Բուշեհրի ատոմակայանի 2-րդ և 3-րդ էներգաբլոկների շինարարությունը շարունակվում է։
Ռուսական կողմի տվյալներով՝ ընթացքի մեջ են ինչպես հիմնական և օժանդակ շինությունների, այնպես էլ հիդրոտեխնիկական ենթակառուցվածքների աշխատանքները։
7. ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Բաքվում Գերմանիայի հետ Ուկրաինայի հարցով պաշտոնական բանակցությունների անցկացումը
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այսօր հայտարարել է, որ Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի միջև Ուկրաինայի կարգավորման հարցով որևէ պաշտոնական բանակցություն չի եղել։
Նա միաժամանակ հաստատել է, որ երկու երկրների տարբեր հասարակական կառույցների ներկայացուցիչների միջև ոչ պաշտոնական շփումներ եղել են և շարունակվում են։ Այս հայտարարությունը հակասում է Իլհամ Ալիևի ավելի վաղ հրապարակած պնդումներին նման շփումների վերաբերյալ։
8. Արամ Վարդևանյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ

Հայաստանի Ազգային ժողովն այսօր ավարտել է ընդդիմադիր թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրության գործընթացը։
Վարդևանյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում՝ դառնալով խորհրդարանի երեք փոխնախագահներից ընդդիմությանը վերապահված պաշտոնի զբաղեցնողը։ Այսօր նրա ընտրության արդյունքների մասին հաղորդել են հայկական լրատվամիջոցները։
9. Հայաստանի ԱԳՆ-ն հանդիպում է առաջարկել Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտնել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանում բանտարկված Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ։
Հայտարարությունը հնչել է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումների վերաբերյալ Վարդանյանի ընտանիքի քննադատության ֆոնին։
10. Վրաստանում կրկին սրվել է 2008 թվականի պատերազմի պատասխանատվության շուրջ բանավեճը
Օգոստոսի 10-ին Ցխինվալի իշխանությունները արձագանքել են իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչների այն հայտարարություններին, որոնցում 2008 թվականի պատերազմի մեկնարկի պատասխանատվությունը դրվում է Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության վրա։
Ցխինվալից հայտարարել են, որ եթե Թբիլիսին ընդունում է նախկին իշխանությունների պատասխանատվությունը, ապա, իրենց ձևակերպմամբ, պատասխանատվություն պետք է կրի նաև Վրաստանը որպես պետություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում