«Հրապարակ». Նոր դատավորն ո՞ւմ կընտրի` Աստծո՞ւն, թե՞ Նիկոլ Փաշինյանին, պարզ կլինի առաջիկա օրերին

«Հրապարակ». Նոր դատավորն ո՞ւմ կընտրի` Աստծո՞ւն, թե՞ Նիկոլ Փաշինյանին, պարզ կլինի առաջիկա օրերին

«Աննախադեպ երեւույթ է, երբ Ամենայն հայոց հայրապետն այժմ դատվում է, որովհետեւ իրականացրել է մի քայլ, որը բացառապես իր իրավունքն է: Տվյալ պահին այս գործը հարուցվել է` կապված Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի հետ, որին հոգեւոր խորհրդի որոշմամբ կարգալույծ արեցին եւ հեռացրին զբաղեցրած հոգեւոր պաշտանից: Հիմա մենք բախվում ենք մի իրականության, որով խախտվում է նաեւ Սահմանադրությունը, որովհետեւ պետությունը որեւէ իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին եւ թելադրելու: Բայց սա առիթն է, ոչ թե պատճառը, որ քրեական գործ հարուցեն Վեհափառի, ներառյալ նաեւ 6 եպիսկոպոսների դեմ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կատարի այն, ինչը որ ամրագրել էր իր նախընտրական խոստման մեջ: Ի դեպ, դա նույնպես աննախադեպ երեւույթ է, երբ քաղաքական ուժը գնալով ընտրություն` իր նախընտրական խոստումներում ամրագրում է, որ պետք է հեռացնի կաթողիկոսին»,-այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը:

Վերլուծաբանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի նպատակն է՝ հանրագումարի բերել այն ողջ ծրագիրը, որը ցանկանում է իրականացնել: Ունենալ թույլ եկեղեցի, ունենալ իշխանության կողմից ուղիղ կառավարվող հայոց Հայրապետ, ինչի արդյունքում ակնհայտորեն, թուլանալու են նաեւ պետության հիմքերը, որովհետեւ մեր պատմության ընթացքում Եկեղեցին ապացուցել է, որ նույնիակ պետականության չգոյության պայմաններում ինքն է դարձել ազգապահպանման առաջամարտիկը եւ մշտապես վառ է պահել հետագայում պետականության վերականգնման նախադրյալները: Իսկ հիմա թուլացնելով այդ ամենը` Նիկոլ Փաշինյանը պարզապես շարունակում է իր ամբողջական ծրագիրը, այն է` ունենալ ազգային արժեքներից զուրկ հասարակություն, ազգային արժեքների վրա չհիմնված պետություն, թույլ եկեղեցի եւ իրենց կողմից ղեկավարվող հոգեւորականներ:

«Բայց Նիկոլ Փաշինյանը պարտվելու է այս արշավի ընթացքում, որովհետեւ եթե նույնիսկ դատարանն ապօրինի որոշում կայացնի, որ Արման Սարոյանը պետք է վերականգնվի որպես Մասյացոտն թեմի առաջնորդ, միեւնույն է, դա չի լուծում Նիկոլ Փաշինյանի խնդիրը եւ չի նշանակում, որ նա հաջողելու է Հայ առաքելական եկեղեցու եւ Վեհափառի դեմ գրոհը»,- նշել է Կարապետյանը։

Ինչ վերաբերում է Վեհափառի դեմ քրեական գործը քննող նոր դատավորին՝ Սերժ Ռուշանյանին, ապա բանախոսի համոզմամբ՝ նոր դատավորն ում կընտրի` Աստծուն, թե՞ Նիկոլ Փաշինյանին, պարզ կլինի առաջիկա օրերին:

«Հիմա նոր դատավորի են մակագրել այդ գործը` Սերժ Ռուշանյան: Չգիտենք, թե առաջիկա դատական նիստն ինչպես կընթանա: Բայց նաեւ փաստենք, որ նախորդ նիստի ժամանակ դատավորն ինքնաբացարկ հայտնեց: Անկախ պատճառներից նշենք, որ դատավորը նույնպես մարդ է: Այլ բան է դատել ինչ-որ քաղաքական գործչի, ինչ-որ պաշոնյայի եւ այլ բան է դատել Վեհափառին՝ կանգնել նրա առաջ ու դատական վճիռ կայացնել: Թեպետ ես համոզված եմ, որ նման գործերում ոչ թե վճիռներ կայացնում են դատավորները, այլ նրանք կարդում են այն վճիռները, որոնք նրանց հրամցվում են: Բայց այլ բան է, երբ վճիռը կարդում են քաղաքական գործչի նկատմամբ, այլ բան է, երբ կարդում են Վեհափառի նկատմամբ, որովհետեւ մարդը կարող է նաեւ վախ ունենալ Աստծուց: Հիմա այս նոր դատավորն ում կընտրի` Աստծուն, թե Նիկոլ Փաշինյանին, պարզ կլինի առաջիկա օրերին»,- ասել է Կարապետյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում