ՇՀԿ 25-ամյակը Ղրղզստանում․ մեկնարկել է անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը

ՇՀԿ 25-ամյակը Ղրղզստանում․ մեկնարկել է անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի «Ըրըս Օրդո» կոնգրես-կենտրոնում մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 25-րդ հոբելյանական գագաթնաժողովը, որին մասնակցում են կազմակերպության անդամ երկրների ղեկավարներն ու կառավարությունների ղեկավարները։

Միջոցառումը բացել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ով ընդգծել է, որ ՇՀԿ-ն սահմանային անվտանգության ապահովման մեխանիզմից վերածվել է ազդեցիկ միջազգային դերակատարի։ Այսօր կազմակերպության անդամ երկրները ներկայացնում են աշխարհի բնակչության ավելի քան 40%-ը և համաշխարհային ՀՆԱ-ի մոտ մեկ քառորդը։ Ղրղզստանի նախագահի խոսքով՝ երկրի նախագահությունն ընթանում է «ՇՀԿ 25 տարին․ միասին՝ հանուն կայուն խաղաղության, զարգացման և բարգավաճման» նշանաբանով։

Դռնփակ ձևաչափով ընթացող բանակցությունների ավարտին նախատեսվում է «Բիշքեկյան հռչակագրի» ստորագրումը։ Գագաթնաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև Հնդկաստանի և Պակիստանի վարչապետները։ Հիմնական նիստից հետո կմեկնարկի «ՇՀԿ պլյուս» ձևաչափով համաժողովը, որին կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում