Մետրոյի 4 նոր կայարան և ռուսական ատոմակայանի հնարավորություն․ Փաշինյանի հայտարարությունները

Մետրոյի 4 նոր կայարան և ռուսական ատոմակայանի հնարավորություն․ Փաշինյանի հայտարարությունները

Հայաստանի իշխանությունները ռուսական կողմի հետ քննարկում են Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը։ Ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ռուսական ընկերությունները մետրոշինության ոլորտում մեծ փորձ ունեն։

«Ուրախ կլինենք, որ այս հարցում նրանք մեզ աջակցեն»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ համագործակցությունը կարող է չսահմանափակվել միայն մեկ կայարանով։ «Աջափնյակը» բարեհաջող ավարտելուց հետո նախատեսվում է անցնել հաջորդ հանգրվաններին։

Փաշինյանի խոսքով՝ այս պահին դիտարկվում է մետրոյի 4 նոր կայարան կառուցելու տեսլականը։ Նախագծի համաձայն՝ մետրոյի ճյուղը «Աջափնյակ»-ից պետք է ձգվի դեպի Ակադեմիական քաղաք, այնուհետև միանա «Չարբախ» կայարանին, ինչը թույլ կտա Երևանում ունենալ մետրոպոլիտենի շրջանաձև երթևեկություն։

Անդրադառնալով նոր ատոմակայան ունենալու հեռանկարին՝ նա չի բացառել ռուսական մոդուլային ատոմակայանի տարբերակը։

«Մենք ասել ենք՝ անհնար չենք համարում որևէ մոդելի ընտրությունը, մեզ պետք է լավագույն առաջարկը, մենք փնտրում ենք լավագույն առաջարկը»,- նշել է նա։ Փաշինյանն ընդգծել է, որ որոշման հիմքում ընկած են լինելու զուտ տնտեսական ու տեխնիկական ցուցանիշները՝ գինը, հետգնման և կառուցման ժամկետները, ինչպես նաև ֆինանսավորման սխեմաները։

«Հարցը պետք է դուրս դնել քաղաքականից»,- եզրափակել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում