«Որքան շուտ որոշեք, այնքան լավ»․ Պուտինը՝ ԵՄ-ին միանալու Հայաստանի նպատակների մասին

«Որքան շուտ որոշեք, այնքան լավ»․ Պուտինը՝ ԵՄ-ին միանալու Հայաստանի նպատակների մասին

Բիշքեկում ընթացող ՇՀԿ համաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ընթացքում ՌԴ ղեկավարն անդրադարձել է Եվրոպական միությանը միանալու Հայաստանի հայտարարած նպատակներին և դրանց ազդեցությանը ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության վրա։

Պուտինն ընդգծել է, որ ԵՄ-ին մերձենալու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն դա անխուսափելիորեն ստեղծում է որոշակի դժվարություններ․

«Ստանձնած նպատակադրումը Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ, անշուշտ, բարդություններ է ստեղծում Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու հարցում և սպառնում է զրոյացնել ԵԱՏՄ շուկայում Հանրապետության ունեցած առավելությունները, ինչպես նաև խզել ձևավորված առևտրային շղթաները»։

Ռուսաստանի նախագահը նկատել է, որ ԵԱՏՄ-ին 10 տարվա մասնակցության ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ, իսկ արտահանումը դեպի Միության երկրներ ավելացել է 10 անգամ։ Նա հավելել է, որ տեխնիկական չափորոշիչներն ու գյուղատնտեսական կարգավորումները ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում լիովին տարբերվում են, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացնելու։

«Որքան շուտ որոշվի այս հարցը, այնքան լավ, որովհետև մենք ևս պետք է հասկանանք, թե ինչպես ենք զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ, առաջին հերթին՝ տնտեսական հարթությունում»,- նշել է ՌԴ ղեկավարը՝ հավելելով, որ Մոսկվան հարգանքով է վերաբերվելու հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում