Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցը․ CHW-ի ահազանգը
Կարդացեք նաև
Ադրբեջանի իշխանությունները Շուշիում հերթական մշակութային վանդալիզմն են իրականացրել՝ հիմնահատակ ավերելով քաղաքի պատմական Հին հայկական-ռուսական գերեզմանոցը: Այս մասին փաստագրված տվյալներ է հրապարակել Caucasus Heritage Watch (CHW) միջազգային մոնիթորինգային կազմակերպությունը։
CHW-ի ուսումնասիրած արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ պատմամշակութային տարածքը ջնջվել է երկրի երեսից 2026 թվականի մայիսի 9-ից 14-ն ընկած հատվածում։ Ավերումն իրականացվել է Շուշիում կոյուղաջրերի և անձրևաջրերի մաքրման կայանի շինարարության պատրվակով։
Այս գերեզմանոցում պահպանվել էր 1810–1871 թվականներին թվագրվող առնվազն 35 տապանաքար։ Այստեղ ամփոփված էին 19-րդ դարի Շուշիի հայ բնակիչների, արհեստավորների, բժիշկների, պետական ծառայողների և ռուս զինվորականների աճյունները։ Նրանց թվում էր 42-րդ եգերական գնդի հրամանատար Վլադիմիր Միխայլովը, ով 1826 թվականին մասնակցել էր Շուշիի հերոսական պաշտպանությանը, ինչպես նաև Մոսկվայում ծնված Սոֆիա Ռեգինա Ռեանդերը, ում տապանաքարն ուներ լատիներեն արձանագրություն։
Բացի 19-րդ դարի հուշաքարերից, գերեզմանոցի տարածքում կային նաև միջնադարյան հինգ հայկական խաչքարեր։ Դրանք անհերքելիորեն փաստում էին, որ այդ տարածքը դեռևս խորը միջնադարից հանդիսացել է հայկական հոգևոր ու մշակութային միջավայրի անբաժանելի մաս։
CHW-ն արձանագրում է, որ հոգևոր-պատմական այս տարածքը դիմակայել էր բոլոր պատերազմներին, քաղաքական ցնցումներին ու իշխանափոխություններին, սակայն 2026 թվականին՝ ադրբեջանական վերահսկողության ներքո, ամբողջությամբ ոչնչացվեց։ Սա Արցախի բռնազավթումից և տեղի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո ադրբեջանական ռեժիմի կողմից հայկական հետքը ջնջելու հերթական արձանագրված դեպքն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում