«Նավթային պատերազմի» էսկալացիա․ Խարգ կղզու մոտ խոցվել են իրանական տանկերները

«Նավթային պատերազմի» էսկալացիա․ Խարգ կղզու մոտ խոցվել են իրանական տանկերները

Մերձավորարևելյան տարածաշրջանում ռազմական լարվածությունը հասել է նոր վտանգավոր հանգրվանի։ ԱՄՆ-ի և Իրանի զինված ուժերը շաբաթ օրը փոխադարձ հարվածներ են հասցրել Իրանի հարակից ջրերում գտնվող նավերին, ինչի հետևանքով ամերիկյան կողմը խոցել է իրանական երեք նավթատար տանկեր, իսկ Թեհրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում «չգրանցված երթուղիներով» ընթացող նավերի թիրախավորման մասին։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) պաշտոնապես հաստատել է, որ հարվածներ է հասցրել իրանական նավերին, այդ թվում՝ Իրանի նավթային արտահանման հիմնական հանգույց հանդիսացող Խարգ կղզու ափամերձ հատվածում։ Ըստ ամերիկյան կողմի՝ սա պատասխան գործողություն էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից ԱՄՆ Ռազմածովային ուժերի երկու ռազմանավերի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ արձակելուն։ CENTCOM-ի ղեկավար, ադմիրալ Բրեդ Քուփերը հայտարարել է, որ ամերիկյան ռազմանավերի ուղղությամբ յուրաքանչյուր հարվածին Վաշինգտոնը պատասխանելու է էլ ավելի բարձր տնտեսական գին պահանջող հակահարվածով։

Իրանական կողմն իր հերթին սպառնացել է խստացնել հարվածները տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական նավերի ուղղությամբ։ ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով զերծ մնալ անօրինական ջրային ուղիներով տեղաշարժվելուց, հակառակ դեպքում դրանք նույնպես կթիրախավորվեն։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Խարգ կղզու մոտ ամերիկյան չորս հրթիռ է հարվածել տանկերին, սակայն զոհեր չկան, իսկ անձնակազմը տարհանվել է։

Ռազմական գործողությունների այս նոր ալիքն էլ ավելի է խորացնում փետրվարից մեկնարկած հակամարտությունը, որը լուրջ խաթարումներ է առաջացրել էներգակիրների համաշխարհային մատակարարման շղթայում։ Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակման և ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների նկատմամբ սահմանված շրջափակման հետևանքով նավթի համաշխարհային գները կտրուկ աճել են․ Brent տեսակի նավթի ֆյուչերսները հասել են մեկ բարելի դիմաց 96,28 դոլարի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում