Եվրոպական իրավական փակուղի․ OC Media-ն անդրադարձել է արցախցիների ապաստանի մերժումներին
Կարդացեք նաև
Ադրբեջանի 2023 թվականի ռազմական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված ավելի քան 120 հազար արցախահայերի համար եվրոպական երկրներում ապաստան գտնելն ու լեգալ կարգավիճակ ստանալը վերածվել է իրավական բարդ հանգույցի։ Ինչպես իր ծավալուն հետաքննության մեջ արձանագրում է OC Media պարբերականը, Եվրոպայում, և մասնավորապես Ֆրանսիայում, տասնյակ ընտանիքներ հայտնվել են երկու իրավական համակարգերի միջև՝ զրկվելով թե՛ սոցիալական աջակցությունից, թե՛ օրինական աշխատանքի իրավունքից։
OC Media-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ապաստանի հարցերով դատական ատյանները զանգվածաբար մերժում են արցախցիների ներկայացրած դիմումները։ Դատական որոշումների հիմքում ընկած է այն իրավական ձևակերպումը, որ Հայաստանի Հանրապետությունը տեղահանվածներին արդեն իսկ տրամադրել է հավաքական ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Քանի որ Ֆրանսիան Հայաստանը դասում է «անվտանգ ծագման երկրների» շարքին, եվրոպական պաշտոնական ատյանների տրամաբանությամբ՝ Հայաստանի կողմից տրամադրված պաշտպանությունը բավարար է, և երրորդ երկրում միջազգային ապաստանի անհրաժեշտություն պարզապես չկա։
Ֆրանսիայի ապաստանի հարցերով դատարանի փորձագետ Միհայիլ Կացը OC Media-ի հետ զրույցում ընդգծել է, որ միջազգային համակարգը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների դիմումները չի դիտարկում որպես առանձին կատեգորիա։ Տարածքի միջազգայնորեն չճանաչված լինելու պատճառով արցախցիները դիտարկվում են որպես Հայաստանի հետ փաստաթղթային կապ ունեցող անձինք, քանի որ կրում են Հայաստանի կողմից տրամադրված ճամփորդական անձնագրեր։ Ըստ փորձագետի՝ ուկրաինական և մերձավորարևելյան ճգնաժամերով ծանրաբեռնված եվրոպական ապաստանի համակարգը խորքային տարբերակում չի դնում Հայաստանի քաղաքացու և Արցախից բռնի տեղահանված հայի միջև։
OC Media-ն արձանագրում է, որ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Գերմանիայում, որտեղ տեղական դատարանները նույնպես հղում են անում Երևանի տրամադրած կարգավիճակին։ Մինչդեռ տեղահանված ընտանիքները պնդում են, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, բնակարանային ապահովման խնդիրներն ու կայունության բացակայությունը հնարավորություն չեն տալիս կյանքը կառուցել զրոյից։ Արդյունքում, հարյուրավոր արցախցիներ Եվրոպայում մնում են առանց կարգավիճակի՝ ստիպված լինելով ներգրավվել ոչ լեգալ աշխատաշուկայում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում