«Արցախի հայրենազրկման պատասխանատուներից մեկը»․ Աբրահամյանը քննադատել է ԱԽ նախկին քարտուղարին

«Արցախի հայրենազրկման պատասխանատուներից մեկը»․ Աբրահամյանը քննադատել է ԱԽ նախկին քարտուղարին

«Դավաճանների շարքում մրցակցությունից դուրս ես»․ Տիգրան Աբրահամյանի կոշտ արձագանքը Արմեն Գրիգորյանի գրքին

Անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը սոցիալական ցանցի իր էջում կոշտ հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին և նրա հեղինակած գրքին։

Աբրահամյանը մասնավորապես նշել է․

«ԱԽ նախկին քարտուղար, տխրահռչակ Արմեն Գրիգորյանը մեկ գրքում հավաքել է հանցագործությունների այն շղթան, որում իրեն հատուկ դեր են վերապահել, և որն օգտագործելով՝ դավաճանել է սեփական ժողովրդին:

Արմենը առաջին եռյակի այն պատասխանատուներից է, որի հանցավոր գործունեությունն Արցախի հայությանը հայրենազրկեց, մի ամբողջ սերունդ նահատակման տարավ, իսկ Հայաստանը վերածեց կարկատված ճակատագրով մի երկրի:

Արմեն Գրիգորյանը կյանքում մեկ նպատակ պետք է ունենար՝ ապաշխարել ու ամենօրյա աղոթքներով ակնկալել, որ հայրենի հողն իր նկատմամբ չափազանց խիստ չի գտնվի:

Ինչ վերաբերում է կոնկրետ գրքին, ապա Արմենը, որպես քիչ թե շատ աշխարհ տեսած ու գիրք կարդացած անձ, պետք է իմանար, որ որտեղ կան հերոսներ, այնտեղ պարտադիր կան նաև հակահերոսներ:

Նայում ես Արցախի Մարտունու շրջանի հերոսներին՝ Մոնթեից մինչև քաղաքապետ Ազնավուր, ու այդ նույն օդը շնչած, այդ հողում ծնված ու մեծացած Արմեն Գրիգորյանին:

Հ.Գ. Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա տարիները կանցնեն, ու պատմությունը պետականության կերտման և բանակի հիմնադրման ակունքներում կանգնած մարդկանց առաջին շարքերում կամրագրի Սերժ Սարգսյանի տեղը, իսկ դավաճանների շարքում՝ քո մրցակցությունից դուրս գտնվելը:

Հ.Գ. 2. Դեռ չեմ խոսում Աղասյան եղբայրների ու հայրենի հողը կյանքի գնով պահած մեր մյուս նահատակների մասին»:

Տիգրան Աբրահամյանի ներկայացրած այս գնահատականները ևս մեկ անգամ ընդգծում են հանրային-քաղաքական դաշտում առկա խոր հակասություններն ու Արցախի հայրենազրկման պատասխանատուների վերաբերյալ հնչող կոշտ մեղադրանքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում