«Տասնյակ սատկած ձագեր․ Արգենտինայում քննում են հարավային կետերի զանգվածային անկման պատճառները»

«Տասնյակ սատկած ձագեր․ Արգենտինայում քննում են հարավային կետերի զանգվածային անկման պատճառները»

Արգենտինական Պատագոնիայի ափերին հայտնաբերվել են հարավային հարթ կետի տասնյակ սատկած ձագեր։ Վերջին ամիսներին տարածաշրջանում արձանագրվել է հարյուրավոր ձագերի անկման դեպք, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել գիտնականների և տեղական իշխանությունների շրջանում։

Միայն այս շաբաթ Արգենտինայի հարավում գտնվող Չուբուտ նահանգի լողափերին հայտնաբերվել են տասնյակ սատկած կետիկներ։ Սատկելու առաջին դեպքերը գրանցվել են դեռևս հունիսից՝ ընդգրկելով Հարավային Ատլանտիկայում այս տեսակի բազմացման հիմնական շրջաններից մեկը։

«Ձագերի մահացության ցուցանիշը բավականին բարձր է, հատկապես այս մրցաշրջանում»,- AFP-ին հայտնել է Գիտական և տեխնիկական հետազոտությունների ազգային խորհրդի (Conicet) Ծովային կաթնասունների լաբորատորիայի հետազոտող Մարիանո Կոսկարելան։

Մասնագետները որպես զանգվածային անկման հիմնական վարկած դիտարկում են բակտերիալ վարակը, մասնավորապես՝ էՐիզիպելոիդը (կարմիր քամի), որն առաջանում է սովորաբար այս կաթնասունների մաշկի վրա առկա բակտերիաներից։ Չուբուտի իշխանությունների փոխանցմամբ՝ նախնական անալիզները մատնանշում են տարածված ծովային բակտերիայի առկայությունը, սակայն հետաքննությունը շարունակվում է՝ վերջնական պատճառները պարզելու համար։

Կոսկարելայի խոսքով՝ առկա տվյալները դեռևս վկայում են բնական պատճառների մասին, թեև մարդկային գործոնի ազդեցությունը լիովին բացառել չի կարելի։

Նշենք, որ Պուերտո Մադրինը և հարևան Վալդես թերակղզին հանդիսանում են հարավային հարթ կետերի բազմացման խոշորագույն ապաստարաններից մեկը։ Հասուն առանձնյակները կարող են հասնել մինչև 17 մետր երկարության և կշռել շուրջ 40 տոննա։ 2025 թվականին այս տարածքում գրանցվել էր ռեկորդային 2 110 կետ, որոնցից մոտ 800-ը ձագեր էին, իսկ ընթացիկ տարում հաշվառվել է 1 375 կետ՝ այդ թվոմ շուրջ 400 ձագ։

Չնայած մահացության բարձր մակարդակին՝ հետազոտողը նշում է, որ այս իրադարձությունը միջնաժամկետ հատվածում դեռևս սպառնալիք չի ներկայացնում կետերի տարածաշրջանային պոպուլյացիայի համար՝ հաշվի առնելով նաև նրանց կյանքի տևողությունը, որը հասնում է մոտ 60 տարվա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում