Կայա Կալաս․ ԵՄ երկրները պատրաստ չեն Ուկրաինային փոխանցել Patriot-ի հրթիռներն իրենց պահեստներից

Կայա Կալաս․ ԵՄ երկրները պատրաստ չեն Ուկրաինային փոխանցել Patriot-ի հրթիռներն իրենց պահեստներից

Բրյուսելում կայացած Եվրոմիության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումն ավարտվել է առանց Ուկրաինային Patriot ՀՕՊ համակարգերի համար նախատեսված հակահրթիռների նոր մատակարարումների մասին հայտարարությունների։ Չնայած եվրոպական մի շարք երկրների կոչերին՝ ազգային պահուստներից Կիևին լրացուցիչ սպառազինություն տրամադրելու վերաբերյալ, որևէ պետություն պատրաստակամություն չի հայտնել դիմելու այդ քայլին։  

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, ամփոփելով բանակցությունները, փաստել է, որ Ուկրաինայի օդային պաշտպանության ուժեղացումը եղել է օրակարգի առանցքային հարցերից մեկը։ Նրա փոխանցմամբ՝ Եվրոմիությունը Ուկրաինային աջակցության ծրագրով արդեն հաստատել է 28,3 միլիարդ եվրոյի ՀՕՊ միջոցների գնումը, ինչը ներառում է նաև Patriot համակարգերի հրթիռների ապագա մատակարարումները։  

Այնուամենայնիվ, ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ նոր հրթիռների արտադրությունը պահանջում է որոշակի ժամանակ, մինչդեռ Կիևին դրանք անհրաժեշտ են անհապաղ։ Ստեղծված իրավիճակում դիտարկվում էր ԵՄ անդամ երկրների պահեստներում առկա ռազմամթերքի փոխանցումը՝ հետագայում եվրոպական հիմնադրամներից ծախսերի փոխհատուցմամբ, սակայն նախարարական հանդիպման ընթացքում այդպիսի նախաձեռնությամբ որևէ երկիր հանդես չի եկել։  

Միևնույն ժամանակ, ԵՄ պաշտպանության նախարարները համաձայնեցրել են Ուկրաինային ռազմական աջակցության EUMAM առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու որոշումը։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են Խաղաղության եվրոպական հիմնադրամից ապաբլոկավորել 6,6 միլիարդ եվրո, որի մի մասը կուղղվի անդամ պետություններին՝ Ուկրաինային արդեն իսկ մատակարարված սպառազինության դիմաց փոխհատուցում տրամադրելուն։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում