Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ՝ պահանջելով հրապարակային հերքում և 6 միլիոն դրամ փոխհատուցում։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից հայտնի է դառնում, որ հայցը վերաբերում է սեպտեմբերի 27-ին տրված հարցազրույցի ընթացքում հնչեցված հայտարարություններին։
Փաշինյանի ներկայացուցիչ Արման Ներսիսյանի կողմից ներկայացված հայցադիմումով պահանջվում է պարտավորեցնել Էդգար Ղազարյանին News.am լրատվական ընկերության միջոցով՝ ուղիղ եթերում տեսաձայնագրմամբ, հերքել Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները։
Վիճարկվող հայտարարությունը վերաբերում է 2020 թվականի պատերազմի ընթացքում Ստեփանակերտում անցկացված խորհրդակցությանն ու դրան հաջորդած տեղեկությունների փոխանցման մասին պնդումներին։ Հայցվոր կողմը պահանջում է հայտարարել, որ նշված տեղեկությունները ամբողջությամբ սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են Նիկոլ Փաշինյանին։
Էլեկտրոնային եղանակով ստացված հայցադիմումը մակագրվել է Երևան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Մարինա Տաշչյանին։ Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը նմանատիպ դատական հայցեր է ներկայացրել նաև մի շարք այլ քաղաքական գործիչների, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի, Սոֆյա Հովսեփյանի, Էդմոն Մարուքյանի և Զարուհի Փոստանջյանի դեմ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում