Politico. Ֆրանսիայի և Թուրքիայի վետոները կաթվածահար են արել Հայաստանի ու Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագրերը

Politico. Ֆրանսիայի և Թուրքիայի վետոները կաթվածահար են արել Հայաստանի ու Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագրերը

Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացման ֆոնին, ՆԱՏՕ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնման ջանքերը բախվել են լուրջ դիվանագիտական խոչընդոտի։ Ինչպես հաղորդում է Politico պարբերականը՝ հղում անելով դաշինքի դիվանագետներին, Ֆրանսիայի և Թուրքիայի միջև ծագած տարաձայնությունների պատճառով արդեն ավելի քան մեկ տարի սառեցված են Երևանի և Բաքվի հետ Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրերի (ITPP) հաստատման գործընթացները։

Խնդիրը սկիզբ է առել այն բանից, երբ Փարիզը վետո է դրել Ադրբեջանի հետ նոր ծրագրի հաստատման վրա՝ պատճառաբանելով Բաքվում Ֆրանսիայի քաղաքացու ապօրինի կալանավորումը։ Ի պատասխան սրան՝ Թուրքիան, որպես Ադրբեջանի դաշնակից, արգելափակել է Հայաստանի հետ գործընկերության փաստաթղթի վավերացումը՝ պահանջելով երկու փաթեթներն էլ հաստատել միաժամանակ։ Չնայած վերջերս Բաքուն ազատ է արձակել ֆրանսիացի բանտարկյալին, Փարիզը դեռևս չի շտապում հանել իր արգելքը։

ՆԱՏՕ-ի դիվանագետները դժգոհություն են հայտնում, որ անդամ երկրները երկկողմ վեճերը տեղափոխում են դաշինքի հարթակ։ Ըստ նրանց՝ ստեղծված ձգձգումը վտանգավոր է հատկապես Հայաստանի համար, որը վերջին շրջանում ակտիվորեն հեռանում է Մոսկվայից, սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ձգտում է սերտացնել հարաբերությունները Արևմուտքի հետ։ Նոր ծրագրերը նախատեսում են համատեղ զորավարժություններ, զինվորականների վերապատրաստում և մշակութային ու լեզվական ուսուցման ծրագրեր։

Ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ն ստիպված է եղել ժամանակավորապես երկարաձգել Երևանի և Բաքվի հետ գործող, սակայն արդեն հնացած համաձայնագրերի ժամկետները։ Դաշինքի ներսում մտահոգություն կա, որ խոստացված աջակցության ձգձգումը կարող է հիասթափություն առաջացնել Երևանում և խաթարել տարածաշրջանում արևմտյան դիրքերի ամրապնդման հնարավորությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում