Շաքիի ողբերգական դեպքի արձագանքները. ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
Կարդացեք նաև
Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած աղմկահարույց դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին հոկտեմբերի 3-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այցելել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ։
Տեղում ուսումնասիրվել են վիրավորում ստացած քաղաքացու բժշկական օգնության և սպասարկման իրավունքի պատշաճ ապահովմանը վերաբերող հարցերը։ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ Անի Ավետիսյանի, նրա երեխաների, ինչպես նաև տվյալ դեպքի հետ կապված իրավունքների պաշտպանությանն առնչվող բոլոր խնդիրները գտնվում են Օմբուդսմենի անմիջական ուշադրության ներքո և հասցեավորվելու են ըստ իրավասության։
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բազմակողմանի, օբյեկտիվ և պատշաճ քննություն իրականացնելու անհրաժեշտությունը։ Նշված դեպքով իրականացվում է նաև ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման մշտադիտարկում։
Անահիտ Մանասյանն առանցքային է համարել բոլոր ընթացակարգերում մարդու իրավունքների միջազգային չափանիշների անշեղ պահպանումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում