Zara-ն վաճառքից հանել է մանկական հագուստը, որը հիշեցնում է նացիստական համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների համազգեստը

Zara-ն վաճառքից հանել է մանկական հագուստը, որը հիշեցնում է նացիստական համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների համազգեստը

Իսպանական Zara բրենդը ստիպված է եղել վաճառքից հանել մանկական տոնական հագուստը, որը լուրջ սկանդալ է առաջացրել Եվրոպայում։ Ինչպես հաղորդում է dpa գործակալությունը, կապույտ և սպիտակ ուղղահայաց շերտերով բաճկոնից ու տաբատից կազմված հավաքածուն արտաքինով հիշեցնում է նացիստական համակենտրոնացման ճամբարների բանտարկյալների համազգեստը։

Հագուստի վրա եղել են փշալարեր հիշեցնող պատկերներ, իսկ թևքերի վրայի նշանները նմանվել են կալանավորների համարներին։ Իսրայելցի լրագրող Դով Գիլ-Հարը X սոցիալական ցանցում քննադատել է ընկերությանը՝ նշելով, որ Zara-ն «շոկի է ենթարկում իր եվրոպացի հաճախորդներին նացիստական համակենտրոնացման ճամբարների ոճով հերթական մղձավանջային գաղափարով»։

Աղմկահարույց հավաքածուն արդեն հեռացվել է Zara-ի ինչպես ֆիզիկական խանութներից, այնպես էլ առցանց հարթակից։ Ընկերությունը հայտարարել է, թե «ցավում է թյուրըմբռնման համար», որը կարող էր առաջացնել տվյալ ապրանքը, սակայն այդպես էլ չի պարզաբանել, թե ինչպես է նման դիզայնն անցել ներքին ստուգումների փուլը։

Սա առաջին դեպքը չէ, երբ իսպանական ցանցը հայտնվում է նմանատիպ սկանդալի կենտրոնում։ 2014 թվականին Zara-ն ստիպված էր եղել հետ կանչել մանկական մեկ այլ շապիկ՝ դարձյալ կապույտ-սպիտակ շերտերով և կրծքավանդակին դեղին վեցանկյուն աստղով, որը հիշեցնում էր Նացիստական Գերմանիայում հրեաների կրած պարտադիր նշանները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում