Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 51 մարդ է ձերբակալվել
Կարդացեք նաև
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է «Իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով 51 անձի ձերբակալության մասին։ Լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություններն իրականացվել են երկրի 16 նահանգներում։
Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի և դատախազության համակարգմամբ հատուկ գործողություններ են անցկացվել Ադանայում, Ադըյամանում, Բալըքեսիրում, Բուրսայում, Դիարբեքիրում, Դյուզջեում, Էդիրնեում, Ղազիանթեփում, Իգդիրում, Կայսերիում, Մարդինում, Մերսինում, Նևշեհիրում, Սինոպում, Շանլըուրֆայում և Զոնգուլդաքում։
Ըստ թուրքական ուժային գերատեսչության տվյալների՝ ձերբակալվածները հանդիսանում են ISIS-ի անդամներ։ Պարզվել է, որ նրանք ֆինանսավորել են կազմակերպությունը կապված անձանց ու ձևական բարեգործական հիմնադրամների միջոցով, ինչպես նաև ահաբեկչական քարոզչություն են իրականացրել սոցիալական ցանցերում։ Թուրքիայի ՆԳՆ-ն ընդգծել է, որ ահաբեկչական խմբավորման ֆինանսավորման և գործունեության դեմ պայքարը կրելու է շարունակական բնույթ։
Հատկանշական է, որ նախորդ շաբաթ ևս թուրքական իրավապահները խոշոր գործողություն էին իրականացրել․ սեպտեմբերի 25-ին երկրի 28 քաղաքում, այդ թվում՝ Անկարայում, Ստամբուլում, Անթալիայում և Բուրսայում ձերբակալվել էր ISIS-ի հետ կապված 83 կասկածյալ, առգրավվել էին մեծ քանակությամբ կազմակերպչական փաստաթղթեր ու թվային կրիչներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում