Հիտլեր Մուսոլինին հաղթել է Պերուի ՏԻՄ ընտրություններում.Նա երկրի միակ «Հիտլերը» չէ

Հիտլեր Մուսոլինին հաղթել է Պերուի ՏԻՄ ընտրություններում.Նա երկրի միակ «Հիտլերը» չէ

Պերուում ավարտված տարածքային և մունիցիպալ ընտրությունների արդյունքում ուշագրավ իրադարձություն է արձանագրվել։ Անդյան Կերոպալկա շրջանում քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել «Ahora Nación» ձախակենտրոն կուսակցության թեկնածու 45-ամյա Հիտլեր Մուսոլինի Սիմեոն Ֆլորեսը։

Ուանուկո դեպարտամենտի Լաուրիկոչա նահանգում գտնվող և ընդամենը 730 բնակիչ ունեցող այս շրջանում Ֆլորեսը ստացել է վավեր քվեաթերթիկների 34,5%-ը (229 քվե)՝ ընդամենը 25 ձայնի առավելությամբ շրջանցելով իր մոտակա մրցակցին՝ Գասպար Բենիլդե Օսորիո Սամբրանոյին։

Հատկանշական է, որ սա Պերուի քաղաքական պատմության մեջ առաջին դեպքը չէ, երբ ընտրողները քվեարկում են նման աղմկահարույց անունով թեկնածուների օգտին։ Ավելի վաղ Յունգար քաղաքում քաղաքապետ էր ընտրվել Հիտլեր Ալբան, ով հանդես էր գալիս «Հիտլերը վերադառնում է» և «Հիտլերը ժողովրդի հետ է» կարգախոսներով՝ իրեն անվանելով «բարի Հիտլեր»։ Բացի այդ, Պերուի Կոնգրեսի պատգամավոր է եղել նաև Հիտլեր Սաավեդրան։ Պերուացիների համար սովորական երևույթ է երեխաներին պատմական կամ արտասովոր անուններով կոչելը՝ առանց դրանց բացասական ենթատեքստերին ու պատմական նշանակությանը ուշադրություն դարձնելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում