5 միլիոն եվրոյի էլիտար գինու գողություն Իտալիայում

5 միլիոն եվրոյի էլիտար գինու գողություն Իտալիայում

Իտալական Տոսկանա մարզում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ խոշորագույն գինու գողություններից մեկը։ Ինչպես հաղորդում է Financial Times-ը, դիմակավորված անձինք իտալական հայտնի «Marchesi Antinori» ընկերության պահեստից գողացել են շուրջ 30,000 շիշ էլիտար կարմիր գինի, որոնք ընդհանուր առմամբ գնահատվում են 5 միլիոն եվրո (մոտ 4,2 միլիոն ֆունտ Ստերլինգ)։

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, երբ ընկերությունը պատրաստվում էր խոշոր խմբաքանակ ուղարկել արտասահմանյան գնորդներին։ Առնվազն յոթ դիմակավորված անձինք անջատել են ազդանշանային համակարգերն ու տեսախցիկները, որից հետո ընկերության ամբարձիչներով երկու մեծ բեռնատարների մեջ են բարձել «Tignanello», «Solaia» և «Guado al Tasso» ապրանքանիշերի թանկարժեք տեսականին։ Գողության փաստը հայտնաբերվել է միայն երկուշաբթի առավոտյան, երբ աշխատակիցները ժամանել են պահեստ։

«Marchesi Antinori»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռենցո Կոտարելան Corriere della Sera-ի հետ զրույցում նշել է, որ նման մասշտաբի և արժողության գողություն Իտալիայում երբևէ չէր արձանագրվել։ Նա հույս է հայտնել, որ իրավապահները կկարողանան գտնել ապրանքը, քանի որ Տոսկանայի ճանապարհները հագեցած են տեսախցիկներով։ Financial Times-ին տված հարցազրույցում նա նաև տարակուսանք է հայտնել, թե ինչպես են չարագործները պատրաստվում իրացնել այդքան հայտնի և թանկարժեք գինիները, որոնց մեկ շշի արժեքը տատանվում է 150-ից 500 եվրոյի սահմաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում