Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Ալինա Չարաևան ընդգրկվել է WTA-ի Թոփ-100-ում

Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Ալինա Չարաևան ընդգրկվել է WTA-ի Թոփ-100-ում

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ տեղ է գտել աշխարհի 100 ուժեղագույն թենիսիստուհիների շարքում։ Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) հոկտեմբերի 12-ի թարմացված վարկանիշային աղյուսակում 24-ամյա մարզուհին 118-րդ հորիզոնականից թռիչքաձև առաջընթաց է գրանցել՝ բարձրանալով 98-րդ հորիզոնական։ Նա դարձել է Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը Էլինա Ավանեսյանից հետո, ում հաջողվել է ընդգրկվել WTA-ի մենախաղի դասակարգման Թոփ-100-ում։

Չարաևայի վարկանիշային աճին էապես նպաստել է Պեկինի WTA 1000 հեղինակավոր մրցաշարում արձանագրած հաջող ելույթը։ Մրցաշարի երկրորդ շրջանում հայ մարզուհին, կորցնելով առաջին սեթը, կամային հաղթանակ է տարել աշխարհի առաջին ռակետ Ելենա Ռիբակինայի նկատմամբ և հասել մինչև չորրորդ շրջան։ Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա թենիսիստուհին առաջին անգամ դուրս է եկել նաև Համբուրգի և Սան Պաուլուի WTA հիմնական տուրի մրցաշարերի քառորդ եզրափակիչներ, ինչպես նաև հաղթանակ է տոնել Միդլենդի WTA 125 մրցաշարում։ Հատկանշական է, որ դեռևս 2020 թվականին Չարաևան դարձել էր «Ռոլան Գարոսի» պատանեկան առաջնության եզրափակչի մասնակից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում