ՇՏեղեկատվական գրոհներ արտասահմանից․ Ադրբեջանում սահմանափակում են Telegram-ն ու TikTok-ը
Կարդացեք նաև
Ադրբեջանի լրատվամիջոցների և հեռարձակման խորհուրդը հայտարարել է երկրի դեմ արտասահմանից, մասնավորապես՝ Telegram և TikTok հարթակների միջոցով իրականացվող լայնամասշտաբ տեղեկատվական հարձակումների մասին՝ դրանք որակելով որպես կոպիտ միջամտություն պետության ներքին գործերին։ Կարգավորող մարմնի պաշտոնական հայտարարությունը հաջորդել է հանրակրթական դպրոցներում աշակերտների և ուսուցիչների համար միասնական համազգեստ ներդնելու կառավարության որոշմանը, ինչը երկրում բողոքի ալիք է բարձրացրել։
Փաստաթղթում նշվում է, որ վերջերս նկատվում է արտասահմանում գործող մի շարք հասարակական ակտիվիստների, քաղաքական գործիչների և պաշտոնյաների ակտիվ մասնակցությունը Ադրբեջանի դեմ ուղղված տեղեկատվական արշավներին։ Խորհրդի դիտարկմամբ՝ տարածվող հրապարակումների համակարգված ու ուղղորդված բնույթի մասին են վկայում տեքստերում կրկնվող ուղղագրական սխալներն ու ոճական առանձնահատկությունները, նույնական մեկնաբանությունների զանգվածային տարածումը, ինչպես նաև Ադրբեջանին չվերաբերող խմբագրված լուսանկարների և տեսանյութերի կիրառումը։ Ադրբեջանական կողմն իրավիճակը գնահատել է որպես տեղեկատվական անվտանգության և միջազգային համագործակցության սկզբունքների խախտում։
Ադրբեջանական իշխանությունները հատուկ մտահոգություն են հայտնել Իրանի և Թուրքիայի լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում Ադրբեջանի մասին անհիմն ու կողմնակալ նյութերի տարածման, պետության և ժողովրդի հասցեին սպառնալիքների ու վիրավորանքների կապակցությամբ՝ ընդգծելով այդ երկրների իշխանությունների անգործությունը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ադրբեջանի կառավարությունը սահմանել էր դպրոցական համազգեստի պահանջները, իսկ հոկտեմբերին՝ ուսուցիչների հագուստի կանոնները, որոնք բացառում են կրթության աշխարհիկ բնույթին հակասող տարրերը։ Սա հանրության, մասնավորապես հավատացյալների շրջանում ընկալվել է որպես աշակերտուհիների և ուսուցչուհիների կողմից հիջաբ կրելու ուղղակի արգելք։ Արդյունքում բողոքի ցույցեր են սկսվել, իսկ իշխանությունները սահմանափակել են սոցիալական ցանցերի, մասնավորապես՝ TikTok-ի և Telegram-ի հասանելիությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում