Թուրքիայում Բաքվի դեսպանատան մոտ ցույցերից հետո․ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել 7 գործչի նկատմամբ

Թուրքիայում Բաքվի դեսպանատան մոտ ցույցերից հետո․ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել 7 գործչի նկատմամբ

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայում բնակվող յոթ քաղաքացիների նկատմամբ՝ նրանց մեղադրելով «պետության դեմ ուղղված կոչեր տարածելու» և «իշխանությունը բռնությամբ զավթելու փորձերի» մեջ։ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2, 283.2.1 և 167-3.1 հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Գլխավոր դատախազության քննչական վարչությանը, իսկ Բաքվի Բինագադիի շրջանային դատարանի որոշմամբ բոլոր յոթ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հեռակա կալանավորումը։

Ըստ ադրբեջանական քննչական մարմինների փաստարկների՝ Թուրքիայի տարածքում գործունեություն ծավալող մի խումբ անձինք սոցիալական ցանցերով (X, Facebook, Instagram, YouTube, TikTok) սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում տարածել են նյութեր, որոնք պարունակում են Ադրբեջանի սահմանադրական կարգը բռնի փոփոխելու, պետական իշխանությունը զավթելու, ինչպես նաև կրոնական ատելություն և թշնամանք բորբոքելու կոչեր։

Մեղադրյալների թվում են «Haksöz» ամսագրի հեղինակ Ռըդվան Քայան, «Köklü Değişim» հրատարակության գրող Զեքարիա Ջերանը (հայտնի որպես Աբդուլլահ Իմամօղլու), «Analiz Merkezi» ռեսուրսի հիմնադիր Ֆաթիհ Թեզջանը, փաստաբանական բյուրոյի ղեկավար Ահմեդ Շանլըն, ինչպես նաև Ֆահրեթթին Թաշքայա Սարալը, Աբդուրրահման Թումերը և Ալփարսլան Թանրըքուլուն։

Հատկանշական է, որ Ռըդվան Քայան հոկտեմբերի 3-ին ելույթ է ունեցել Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանի առջև տեղի ունեցած ակցիայի ժամանակ, իսկ հոկտեմբերի 13-ին Զեքարիա Ջերանի հետ մասնակցել է Անկարայում Ադրբեջանի դեսպանատան առջև կազմակերպված բողոքի ակցիային։ Բաքվի իրավապահ մարմինները հայտարարում են, որ շարունակում են քննչական գործողությունները՝ օգտագործելով միջազգային իրավական աջակցության մեխանիզմները, այդ թվում՝ Թուրքիայի իրավասու մարմինների հետ համագործակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում