Արարատ Միրզոյան․ Ադրբեջանը ՀՀ տարածքով կկապվի Նախիջևանի հետ, Հայաստանը՝ հյուսիսի ու հարավի

Արարատ Միրզոյան․ Ադրբեջանը ՀՀ տարածքով կկապվի Նախիջևանի հետ, Հայաստանը՝ հյուսիսի ու հարավի

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծի քննարկումը։ Հարցով հիմնական զեկուցող, արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է փաստաթղթի առանցքային դրույթներն ու սպասվող տնտեսական հնարավորությունները։

Արարատ Միրզոյանի փոխանցմամբ՝ ծրագրի շրջանակում ապաշրջափակվող, վերագործարկվող և զրոյից կառուցվող հաղորդակցությունները կենսական հանգույց են դառնալու արևելք-արևմուտք ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը հնարավորություն կստանա Հայաստանի տարածքով ու ենթակառուցվածքներով կապվել Նախիջևանի և երրորդ երկրների հետ, իսկ Հայաստանը փոխադարձաբար կկարողանա Ադրբեջանի տարածքով կապվել հյուսիսի և հարավի հետ՝ լուծելով մատակարարումների, սպառման ու ներմուծման հարցերը։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ տնտեսական փոխկապակցվածությունն էապես ազդում է քաղաքական կայունության և խաղաղության ամրապնդման վրա․ առաջին շերտը տնտեսական օգուտներն են, երկրորդը՝ խաղաղության ամրապնդումը։

Արարատ Միրզոյանը հատուկ մատնանշել է, որ ԱՄՆ-ն ունենալու է իր էական մասնակցությունն ու տնտեսական շահերը, սակայն Հայաստանի պետական շահերն ու ինքնիշխանությունը լիովին պաշտպանված են։

Արարատ Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է․

«Այս փաստաթղթում ինքնիշխանություն բառն օգտագործվում է 8 անգամ հետևյալ համատեքստում՝ «հաստատվում է  ՀՀ ինքնիշխանությունը ենթակառուցվածքների և գործընթացների նկատմամբ։

Իրավազորությունը՝ ՀՀ-ն պահպանում է  լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում, ունի սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։

Անվտանգություն և իրավապահ գործունեություն, սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն, մաքսային և միգրացիոն քաղաքականություն, հարկերի և տուրքերի փոխանցում պետբյուջե, պետական տեղեկատվական համակարգեր, պետական վարչարարություն և վերահսկողություն՝ այս բոլորի նկատմամբ ՀՀ-ն պահպանում է իր լիակատար ինքնշխանությունն ու իրավազորությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում