14 ձերբակալություն Ստեփանավանում․ ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորկյանը
Կարդացեք նաև

Հոկտեմբերի 25-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններից առաջ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում իրավիճակը կտրուկ սրվել է։ Սամվել Կարապետյանի գլխավորած ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորկյանը և կուսակցության ևս 13 կողմնակից ու ներկայացուցիչ վաղ առավոտից ձերբակալվել են։
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է քաղաքական հալածանքների մասին։
Արեգա Հովսեփյանն իր գրառման մեջ, մասնավորապես, նշել է․
«Վաղ առավոտից ականատես եղանք «ժողովրդավարության» հերթական դրսևորմանը։ Ստեփանավանում լայնամասշտաբ քաղաքական հետապնդումներ են, ձերբակալություններ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության շուրջ 14 ձերբակալված կողմնակիցներ և ներկայացուցիչներ, այդ թվում՝ համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորկյանը»։
Միևնույն ժամանակ, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով ձերբակալությունների իրավական հիմքերը։ Ըստ իրավապահ մարմնի՝ 14 քաղաքացիները ձերբակալվել են խմբի կազմում ընտրակաշառք տալու, ստանալու և օժանդակելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում։
Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ Ստեփանավանի ավագանու ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, ավագանու թեկնածուների և կուսակցության անունից հանդես եկող այլ անձանց օժանդակությամբ, նույն համայնքի տարբեր բնակավայրերի տասնյակ ընտրողների ընտրություններին մասնակցելու և հօգուտ նշված կուսակցության քվեարկելու պայմանով ընտրակաշառք է տվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում