Լիտվայի նախագահը կոչ է անում ՆԱՏՕ-ին կոշտ հակազդել Ռուսաստանի դիվերսիոն գործողություններին

Լիտվայի նախագահը կոչ է անում ՆԱՏՕ-ին կոշտ հակազդել Ռուսաստանի դիվերսիոն գործողություններին

Եվրոպայում արձանագրվող միջադեպերի ու դիվերսիոն ռիսկերի ֆոնին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «առավել համարժեք արձագանքի» Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային ու կինետիկ գործողություններին։ TV3 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նաուսեդան ընդգծել է դաշինքի մակարդակով միասնական ռազմավարություն ունենալու անհրաժեշտությունը՝ նշելով, որ ներկայումս հաճախ գերիշխում է իրավիճակը չսրելու զգուշավոր մոտեցումը։

Լիտվայի նախագահի պնդմամբ՝ ռուսական կողմը ձգտում է քողարկել իր գործողությունները, ինչը բարդացնում է կոնկրետ կառույցների ներգրավվածության ապացուցումը, սակայն միևնույն ժամանակ փորձում է լարվածություն պահպանել Եվրոպայում՝ Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը զսպելու նպատակով։ Այս համատեքստում Նաուսեդան առաջարկել է Ռուսաստանի զինվորական հետախուզությունը (ГРУ) պաշտոնապես ճանաչել ահաբեկչական կազմակերպություն՝ հավելելով, որ Եվրոպական խորհրդում այս նախաձեռնությանը ներկայումս աջակցում են հիմնականում Արևելյան թևի երկրները։

Նաուսեդան անդրադարձել է նաև Սև ծովում գրանցված միջադեպերին՝ նշելով, որ դրանք ազդում են տարածաշրջանի անվտանգային միջավայրի վրա, այդ թվում՝ Ռումինիայի և Բուլղարիայի հատվածում։

Միևնույն ժամանակ, Եվրոպական միությունը քննարկում է արտակարգ իրավիճակների արձագանքման սեփական համակարգ ստեղծելու հարցը։ Եվրոպական կառավարությունների գնահատմամբ՝ ճակատային գծում տիրող իրավիճակին զուգահեռ ակտիվանում են դիվերսիոն ռիսկերը։ Հաշվի առնելով վերջին աղմկահարույց դեպքերը (օրինակ՝ Գերմանիայի օդանավակայանում զինված անօդաչուի հայտնաբերումը)՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել է մշակել անվտանգության արտակարգ արձանագրություն։

Լիտվայում նույնպես արձանագրվել է անվտանգային միջադեպ․ Վիլնյուսում փորձ է արվել Մոլոտովի կոկտեյլներով վնասել Starlink արբանյակային կապի սարքավորումները։ Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկյավիչյուսի փոխանցմամբ՝ դեպքը դիտարկվում է որպես դիվերսիայի փորձ։ Թեև սարքավորումները լուրջ վնասներ չեն կրել, երկրում բարձրացվել է պետական նշանակության կրիտիկական ենթակառուցվածքների պահպանության պատրաստվածության մակարդակը, իսկ իրավապահները նախաքննություն են սկսել գույքը վտանգավոր եղանակով ոչնչացնելու կամ վնասելու փաստով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում