ԵՊՀ-ում ամփոփվեց «JoPScip» ծրագիրը․ քաղաքագիտության ոլորտում ներդրվում է միջազգային համատեղ մագիստրոսական ծրագիր
Կարդացեք նաև
Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը, որով ազդարարվել է Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերի եռամյա համագործակցության ավարտը։ Նախաձեռնության առանցքային ձեռքբերումը քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագրի («PoSIG») մշակումն է, որն արդեն անցել է «AQ Austria» կազմակերպության արտաքին գնահատումն ու ստացել միջազգային հավատարմագրում։
Ծրագիրը ներառում է 6 մոդուլ և 85 դասընթաց՝ ուսանողներին ընձեռելով գործընկեր համալսարաններում կրթություն ստանալու և ակադեմիական շարժունությունից օգտվելու հնարավորություն։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծել է ակադեմիական ոլորտը քաղաքական ազդեցություններից զերծ պահելու սկզբունքային կարևորությունը՝ բարձր գնահատելով պետական աջակցությունը լիցենզավորման փուլում։
Նախագծի շրջանակում իրականացվել են դասախոսների վերապատրաստումներ և ստեղծվել է վիրտուալ կրթական միջավայր, որը կշարունակի ծառայել բուհերին նաև ֆինանսավորման ավարտից հետո։ «JoPScip»-ի համակարգող Անանո Գորգոձեն (GIPA) և Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը կարևորել են ձևավորված փորձի տարածումն ու հետագա համագործակցությունը, այդ թվում՝ բակալավրիատի կրթական մակարդակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում