Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին

Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարկո Ռոմոլիին։ Ողջունելով դիվանագետի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը շնորհավորել է նրան առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն։

Հանդիպման ընթացքում Հայոց Հովվապետը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մարդասիրական գործունեությունը, ինչպես նաև հայ ժողովրդին ցուցաբերված բարեսիրական և առողջապահական աջակցությունը։ Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեխնամ առաքելությանը՝ հատկապես Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական և առողջապահական ծրագրերին։ Իր հերթին դեսպան Մարկո Ռոմոլին ներկայացրել է Հայաստանում իրականացվող ընթացիկ ծրագրերը՝ կարևորելով Մայր Աթոռի հետ համատեղ ջանքերը սոցիալական դժվարությունների առջև կանգնած ընտանիքներին աջակցելու գործում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում