Քաղաքացիները բաց նամակով դիմել են ընդդիմադիր պատգամավորներին՝ պահանջելով աջակցել Նիկոլ Փաշինյանի դեմ դատարան դիմելու հարցում

Քաղաքացիները բաց նամակով դիմել են ընդդիմադիր պատգամավորներին՝ պահանջելով աջակցել Նիկոլ Փաշինյանի դեմ դատարան դիմելու հարցում

Մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներ և քաղաքացիներ բաց նամակով հանդես են եկել՝ կոչ անելով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին՝ Արամ Վարդևանյանի գլխավորությամբ, աջակցել ՀՀ քաղաքացիներին՝ դատական կարգով պաշտպանելու իրենց խախտված իրավունքները։

Ինչպես հաղորդում է «Հրապարակ» օրաթերթը, նախաձեռնության հեղինակները՝ Լիանա Մարտիրոսյանը, Սիրանուշ Մարտիրոսյանը, Սոֆյա Հովսեփյանը, Հայկ Մովսիսյանը և Օֆելյա Ավագյանը, շեշտում են, որ նախորդ գումարման խորհրդարանի կողմից կատարված օրենսդրական փոփոխությունների հետևանքով քաղաքացիների համար չափազանց բարդացել և ծախսատար է դարձել դատարան դիմելու հնարավորությունը։ Նամակում նշվում է, որ չնայած իրենք գիտակցում են պատգամավորների սահմանափակ լծակները, այնուամենայնիվ, պահանջում են օգնել հայցերի ձևակերպման հարցում, հանրային միջոցներից հատկացվող գումարների հաշվին հոգալ օրենքով նախատեսված ծախսերը և կազմակերպել քաղաքացիների ընթացիկ պաշտպանությունը։

Քաղաքացիները պահանջում են հայց ներկայացնել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ նրա հրապարակային ելույթներում հնչեցված, իրենց բնորոշմամբ, վիրավորական, սպառնալող, ահաբեկող և շանտաժով ձայներ կորզելու, ինչպես նաև ագրեսիվ պատերազմ հայտարարելու և բռնաճնշումներով լռեցնելու գործողությունների դեմ։

Ինչպես «Հրապարակ» օրաթերթին տված զրույցում մանրամասնել է նախաձեռնության անդամ, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, մեծ պետտուրքերի պատճառով հազարավոր քաղաքացիներ, ովքեր բախվել են այս խոչընդոտին, գործնականում զրկված են դատարան դիմելու և սեփական արժանապատվությունը պաշտպանելու հնարավորությունից։

«Եթե ուղղակի դիմում ես դատարան՝ զրպարտության և վիրավորանքի համար պետք է 26 հազար դրամ գումար վճարել, ինչո՞ւ պետք է այդքան գումար վճարել։ Կամ պետք է պետտուրքի չափը իջեցնեն, կամ մարդկանց օգնեն հայցեր գրելու հարցում»,– «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում շեշտել է Հովսեփյանը՝ հավելելով, որ հանրությունը պետք է միջոցներ գտնի իր իրավունքները լիարժեք պաշտպանելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում