Նիսի քաղաքային խորհուրդը Բաքվում պահվող հայ գերիներին ճանաչել է պատվավոր քաղաքացիներ

Նիսի քաղաքային խորհուրդը Բաքվում պահվող հայ գերիներին ճանաչել է պատվավոր քաղաքացիներ

Ֆրանսիական Նիսի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձև՝ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին քաղաքի պատվավոր քաղաքացիներ ճանաչելու մասին։ Ինչպես տեղեկանում ենք «Հրապարակ» օրաթերթից, քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամ Մարինա Պետրոսյանը գրառմամբ կիսվել է իր տպավորություններով՝ նշելով, որ այդ պահին մեծ հուզմունք է ապրել և ընդգծել, որ դարձել է Ռուբեն Վարդանյանի կնքամայրը։

Ըստ հրապարակման՝ բանաձևն ընդունվել է Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի ներկայությամբ՝ ի պաշտպանություն Բաքվում կամայականորեն պահվող այն հայերի, ովքեր ծառայել են Արցախին։ Որոշման համաձայն՝ գերիներին շնորհվում է Նիսի պատվավոր քաղաքացու կոչում, իսկ խորհրդի անդամներից յուրաքանչյուրը ստանձնում է նրանցից մեկի կնքահոր կամ կնքամոր դերը։

Ինչպես նշում է պարբերականը, Պետրոսյանն իր գրառման մեջ ընդգծել է, որ թեև այս քայլը ոմանց համար կարող է խորհրդանշական թվալ, այնուամենայնիվ՝ մեծ բարոյական նշանակություն ունի գերիների և կենսական կարևորություն՝ նրանց ընտանիքների համար, քանի որ Ֆրանսիայում կա քաղաք, որը բարձրաձայնում է նրանց անունները։ Նա նաև շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Էրիկ Սիոտիին, քվեարկությանը կողմ ձայն տված գործընկերներին և CDCA-ի ներկայացուցիչ Անկինե Կիրակոզյանին՝ բանաձևի նախաձեռնման համար, հույս հայտնելով, որ նախաձեռնությունը կվերածվի իրավական գործողությունների, և գերիներին շուտով կդիմավորեն ազատ արձակված։

Հետևեք մեզ նաև Telegram-ում