Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Վադեֆուլի հայտարարությունները որակել է միջամտություն Հայաստանի ներքին գործերին

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Վադեֆուլի հայտարարությունները որակել է միջամտություն Հայաստանի ներքին գործերին

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD) դատապարտել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի՝ նոյեմբերի 21-ին Tagesschau-ին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարությունները, որոնցում վերջինս նշել էր, թե Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու նախապայմանով Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը կամ ընդունի նորը։ Ըստ գրասենյակի հայտարարության՝ Սահմանադրություն փոխելու կամ ընդունելու հարցը բացառապես Հայաստանի ժողովրդի ինքնիշխան ընտրությունն է, իսկ բանակցություններում երկրի Սահմանադրությունը սակարկման առարկա դարձնելն անընդունելի միջամտություն է ներքին գործերին։

Հայտարարության մեջ նշվում է, որ թեև նախարար Վադեֆուլն արտահայտել է խաղաղության պայմանագրի կնքումն ավարտին հասցնելու և տարածաշրջանային տրանսպորտային ու էներգետիկ ուղիներն ապաշրջափակելու ցանկություն, ագրեսորի՝ մասնավորապես էթնիկ զտում իրականացրած Ադրբեջանի խոսքերը կրկնելը խաթարում է նման քայլի գնացող ցանկացած անձի բարոյական հեղինակությունը։ Գրասենյակի գնահատմամբ՝ խաղաղությունը միակողմանի սահմանադրական փոփոխություններով պայմանավորելն ուղղակիորեն հարվածում է իրական խաղաղության և հաշտեցման սկզբունքներին, քանի որ կայուն ու տևական խաղաղություն հնարավոր չէ կառուցել պարտադրանքի վրա, իսկ պատմությունը, այդ թվում՝ եվրոպական, բազմիցս ապացուցել է, որ անարդար զիջումների պահանջն ու ագրեսորի նկատմամբ հանդուրժողականության քաղաքականությունը չեն ապահովում կայունություն, այլ խրախուսում են ագրեսորին, հանգեցնում նոր սրացումների և քայքայում վստահությունը։

EAFJD-ն նաև շեշտել է, որ եթե Եվրոպական միությունը և դրա անդամ պետություններն իսկապես ձգտում են Հարավային Կովկասում տևական ու արդար խաղաղության, ապա պետք է պաշտպանեն միջազգային իրավունքը, հարգեն Հայաստանի ինքնիշխանությունը և դադարեն օրինականացնել միակողմանի նախապայմանները, որոնք խրախուսում են ուժի սպառնալիքն ու կիրառումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում