Իդլիբում զոհվել են սիրիական բանակի շուրջ 100 զինվորներ

Իդլիբում զոհվել են սիրիական բանակի շուրջ 100 զինվորներ

Իդլիբի մարզի Ուադի ադ Դեյֆ ռազմակետի համար երկու օր շարունակվող արյունալի բախումների հետևանքով սպանվել են շուրջ 100 սիրիացի զինվորներ և 80 իսլամիստներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը: Սիրիական ուժերը մի քանի անգամ հաջողությամբ հետ էին մղել իսլամիստների հարձակումները ռազմակետի վրա, որը մոտ 2 տարի շարունակ շրջափակման մեջ էր գտնվում իսլամիստների կողմից: Սիրիական աղբյուրները դեռ տեղեկություններ չեն հրապարակել այս մասին, միայն տեղեկացրել են, որ Իդլիբի մարզում սիրիական բանակը տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակի հետ թեժ բախումներից հետո «Ջաբհա ան Նուսրա» իսլամիստական խմբավորումը հսկողություն է հաստատել Սիրիայի հյուսիս-արևմուտքում` Դամասկոս-Հալեպ ճանապարհին գտնվող Իդլիբ մարզի Ուադի ադ Դեյֆ ռազմակետի վրա: Բացի այդ, խմբավորումը հսկողություն է հաստատել Մաարաթ ան Նուման գյուղաքաղաքի մերձակայքում գտնվող տարածքների վրա:

«ՍԱՆԱ» գործակալության տեղեկացմամբ` Հասաքե մարզի Մաֆրակ աս Սիդիկ, Մելբիա և Ում առ Ռահաֆ բնակավայրերում ԻՊ-ի տասնյակ անդամներ են ոչնչացվել, ոչնչացվել են նաև նրանց փոխադրամիջոցները: Դեր Զորի մարզի բնակելի տարածքներում ԻՊ-ի ավելի քան 60 ահաբկիչներ են սպանվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում