Ոչ իշխանական ուժերը դեկտեմբերի 17-ին արտահերթ նիստ կհրավիրեն

Ոչ իշխանական ուժերը դեկտեմբերի 17-ին արտահերթ նիստ կհրավիրեն

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը դեկտեմբերի 17-ին արտահերթ նիստ կհրավիրեն` քննարկելու երկրի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը: Այս մասին Ազգային ժողովում ոչ իշխանական 4 խմբակցությունների համատեղ ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Մենք, հավանաբար, վաղը արտահերթ նիստ կհրավիրենք, որի ժամանակ կքննարկենք երկրի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը, դրամի արժեզրկման և դոլարի փոխարժեքի բարձրացման հետ կապված հարցեր: Քննարկմանը կհրավիրենք նաև համապատասխան մարմինների ներկայացուցիչների, որոնք իրենց պարզաբանումները կներկայացնեն առկա խնդիրների հետ կապված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Զոհրաբյանը:

Նա նաև ընդգծեց, որ շարունակում է ուժի մեջ մնալ ազատամարտիկների և պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման դեպքերը քննարկելու համար արտահերթ նիստ հրավիրելու հարցը՝ տեղեկացնելով, որ ՀՅԴ խմբակցությունը համատեղ արտահերթ նիստ հրավիրելու հայտարարություն է նախապատրաստել, որն իրենց համար ընդունելի չէ: Նա նշեց, որ չի ցանկանում ասել, թե հայտարարության որ ձևակերպումների հետ համաձայն չեն՝ ընդգծելով, որ չի ցանկանում մանրամասները ներկայացնել: «Եթե ՀՅԴ մեր գործընկերները կցանկանան հրապարակել այդ հայտարարությունը, խնդրեմ, թող հրապարակեն: Ես չեմ ցանկանում հրապարակայնացնել նրանց հայտարարությունը: Եթե նրանք արտահերթ նիստ հրավիրեն, մենք լրացուցիչ կքննարկենք մասնակցել-չմասնակցելու հարցը»,- ընդգծեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Զոհրաբյանի խոսքով՝ 4 քաղաքական ուժերի դիրքորոշումն այն է, որ այդ բռնությունների հեղինակները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ Ազգային ժողովը պետք է հստակ գնահատական տա այդ դեպքերին:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ ընդգծեց, որ ինքը տեսել է Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու տեսագրությունը: Նրա խոսքով՝ հանցագործը միայնակ չի գործել, քանի որ տեսագրությունից հստակ երևում է, որ հանցագործն Արամ Մանուկյանի գալուց կես րոպե շուտ մտնում է շքամուտք, իսկ Արամ Մանուկյանի գալուց մի քանի րոպե հետո դուրս է գալիս և փախչում, ինչից կարելի է եզրակացնել, որ Արամ Մանուկյանին հետևել են: Նա հույս հայտնեց, որ ոչ իշխանական ուժերին կհաջողվի ևս մեկ արտահերթ նիստ հրավիրել, իսկ քաղաքական մեծամասնությունն էլ կմասնակցի այդ նիստին, որպեսզի հնարավոր լինի քննարկել հարցը և հասկանալ, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում