ԱԺ նախագահն ընդդիմության գործողություններն անհիմն է համարում

ԱԺ նախագահն ընդդիմության գործողություններն անհիմն է համարում

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը դեռևս չի անդրադարձել Հայաստանի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար հրավիրվելիք արտահերթ նիստին մասնակցել-չմասնակցելու հարցին: «Ես հիմա չեմ կարող հստակ բան ասել, քանի որ քաղաքական թիմը պետք է քննարկի, սակայն ընդդիմության գործողություններն անհիմն եմ համարում: Ես կարծում եմ՝ դա ցայտնոտային տրամադրություն է, որովհետև ակնհայտ է, որ ընդդիմության վարվելաձևը բոյկոտ չէր, քանի որ Ազգային ժողովում բոյկոտի խնդիր է առաջանում օրենսդրական նախաձեռնությունների առումով: Ես դա համարում եմ փորձ` ձախողելու Ազգային ժողովի աշխատանքը, որը, ինչպես տեսաք, չստացվեց: Եթե նման խնդիր կա, ցանկացած հանձնաժողով կարող է լսում կազմակերպել, և եթե դրանից հետո անհրաժեշտություն լինի` կարելի է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

Հարցին, թե օրենսդիրը պատրա՞ստ է Արամ Մանուկյանի նկատմամբ բռնարարքը դատապարտող հայտարարություն անել, Սահակյանը պատասխանեց, որ հարցը քննարկվում է, և եթե ԱԺ մյուս խմբակցությունները համաձայնեն, ապա իրենք պատրաստ են: «Ես կողմնակից եմ հայտարարությանը, բայց կարծում եմ, որ արդեն ժամանակավրեպ է: Մինչև արտահերթ նիստը որևէ ընդդիմադիր պատգամավոր չեկավ, որևէ գործունեություն Ազգային ժողովում չծավալվեց, պարզապես նրանք փորձում են միտինգային տամադրությունները տեղափոխել Ազգային ժողով»,- ասաց նա:

Ազգային ժողովի ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ և «Ժառանգություն» խմբակցությունները դեկտեմբերի 17-ին պատրաստվում են արտահերթ նիստ հրավիրել, որի ժամանակ կքննարկվի հանրապետության ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում