ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է բռնությունները դատապարտող հայտարարություն ընդունելու հարցը

Նմանատիպ
Ազգային ժողովում մեկնարկել է ՀՅԴ և ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունների համատեղ հրավիրած նիստը, որում քննարկվում է Հայաստանում հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունները դատապարտող հայտարարություն ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ շատ է կարևորում, որ Ազգային ժողովը հանդես գա վերջին բռնությունները դատապարտող հայտարարությամբ: «Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին, հարիր չէ որևէ նորմալ, քաղաքակիրթ երկրի: Հասարակական և քաղաքական գործիչներրի նկատմամբ բռնությունների դիմող անձինք պետք է իմանան, որ նման արարքների նկատմամբ որևէ հանդուրժողականություն չի կարող լինել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը:
Նա ընդգծեց, որ հայտարարությունը հիմնականում երկու նպատակ է հետապնդում՝ դատապարտել բռնության ցանկացած դեպք, ինչպես նաև հետագայում կանխարգելել նման երևույթները: «Այս հայտարարությունը, որը մենք պետք է ընդունենք Ազգային ժողովի անունից, իրականում կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ: Այս քայլով էլ Ազգային ժողովն իր լիազորությունների շրջանակներում ներկայացնում է իր գնահատականը, որին սպասում է հասարակությունը և որը վերաբերում է հասարակության այն շերտերին, ովքեր նման քայլերի են դիմում»,- ընդգծեց ՀՅԴ պատգամավորը:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ ԱԺ հայտարարությունը պետք է քննարկվի նաև բոլոր այն օղակներում, որոնք պատասխանատու են երկրում օրինականության ապահովման համար: Նա նկատեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ իր երկրում իր իրավունքները պաշտպանված են, պաշտպանված է իր ազատ խոսքի իրավունքը:
Պատգամավորը ցավով նկատեց նաև, որ ոչ բոլոր խմբակցություններն են միացել հայտարարությանը՝ միևնույն ժամանակ, ընդգծելով, որ սա կարող է լավ նախադեպ լինել միասնականության համար: «Երկու խմբակցություններ՝ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն այս հայտարարության համահեղինակներն են, սակայն ցանկալի կլիներ, որ այս հայտարարության տակ ստորագրեին բոլոր 131 պատգամավորները: Սա կարող է լավ նախադեպ լինել միասնականության համար: Ես կարծում եմ, որ որևէ հարցի շուրջ համաձայնության գալը շատ դժվար բան է, սակայն պետք է հասկանանք նաև, որ առանց համաձայնության չենք կարող առաջ գնալ: Մենք պետք է սովորենք համաձայնության գալ և միասնական լինել, ինչն էլ մեր ժողովուրդը սպասում է իր ընտրյալներից: Եվ այս հայտարարությունը կարող է լավ նախադեպ լինել այդ միասնության ուղին գտնելու համար»,- ասաց Ռուստամյանը:
ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու համար գրանցվել է 79 պատգամավոր: Թեև ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, «Ժառանգություն» խմբակցությունները հայտարարությանը չեն միացել, սակայն այդ խմբակցությունների որոշ պատգամավորներ մասնակցում են արտահերթ նիստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում