«2008-ին իշխանությունների «խփած» տոկոսները լեգիտիմացնելուց հետո Արևմուտքը ՀՀ-ում որևէ գործիք չունի, ՌԴ-ն ունի երկուսը՝ իշխանություն և ընդդիմություն».փորձագետ
Նմանատիպ
Լրագրողների հետ հանդիպմանը ընթացիկ տարվա ներքաղաքական կարևոր իրադարձություններից քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը համարեց կառավարության նոմինալ փոփոխությունը՝ նկատելով, որ ՀՀ-ում տնտեսական քաղաքականությունը կառավարության փոփոխությամբ չի փոխվի, քանի որ որոշում կայացնողը նախագահն է: Ըստ նրա՝ մեկ զանգը նախագահականից բավարար է համապատասխան կառույցի ղեկավարին, որ թույլատրվի պարենային և ոչ պարենային ապրանքների ներկրում տարբեր անձանց կողմից, այլ ոչ թե մեկ հոգի շաքարավազ ներկրի, ինչը չարվեց:
Ինչ վերաբերում է քառյակի, եռյակի գործունեությանը և համաժողովրդական շարժման տեսլականին, փորձագետը նկատեց, թե ոչ մի համաժողովրդական շարժում էլ չեղավ՝ ակնարկելով, թե բացված համապատասխան շտաբերի նպատակը, գործողությունները տեսանելի չեն, ավելին՝ ԲՀԿ առաջնորդի մարդ-կուսակցությունների հետ հանդիպումը Բադալյանը համարեց ընդամենը եթերը լցնող PR ակցիա:
Անդրադառնալով անցնող տարվա արտաքին գլխավոր իրադարձությանը՝ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, փորձագետը նկատեց, որ դրա շրջանակում Հայաստանը վասալային հարաբերությունների մեջ է լինելու, բայց խնդիրը ԵՏՄ-ի մեջ չէ, ԵՄ-ի դեպքում նույնն էր լինելու. «Օրինակ՝ Եվրամիությունում Բուլղարիան վասալային երկիր է, քանի որ կամավոր հրաժարվեց գազային հոսքից, որը նրան օդից եկամուտներ էր բերելու»:
Այս համատեքստում Բադալյանը նկատեց, որ ԵՏՄ-ի դեմ ակցիաները ցույց տվեցին, որ ՀՀ-ում արևմտամետ զանգված գրեթե չկա, ինչը արդյունք է Արևմուտքի՝ 2008-ին իշխանությունների «խփած» տոկոսները լեգիտիմացնելու քաղաքականության:
«Այսօր Արևմուտքը ՀՀ-ում որևէ գործիք չունի, ՌԴ-ն ունի երկու գործիք՝ իշխանություն և ընդդիմություն: Եվ եթե ընդդիմությունը ուզում է ինչ-որ փոփոխության հասնել, պետք է Կրեմլի հետ համագործակցի, իհարկե, եթե այնտեղից ցանկանան: Իսկ իշխանությունը մյուս տարի ևս փորձելու է պահել իր դիրքերը»,-ընդգծեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը:
Հանդիպմանը ներկա վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը խոսակցության թեման դարձյալ տեղափոխեց ԵՏՄ հարթություն՝ նկատելով, թե նոր չէ, որ ՀՀ-ն իր ինքնիշխանությունը պիտի կորցնի, այն վաղուց է կորցրել:
Ինչ վերաբերում է կառավարության կազմի փոփոխությանը, ապա Արմեն Բադալյանի հետ համաձայն է՝ ծրագրային և ռազմական առումով որևէ լուրջ փոփոխություններ տեղի չունեցան. «Տնտեսական քաղաքականության հիմքում չկա զարգացում, արդյունաբերություն և հեղափոխական քայլերի գնալու ցանկություն, այսինքն՝ խնդիրը եղած ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելն է միայն: Նոր կառավարությունը փորձում է ստվերից դուրս բերել բիզնեսը, այլ ոչ թե ստեղծել ինչ-որ նոր արտադրություններ»:
Տնտեսագետը շարունակելով միտքը, նկատեց, թե դրամ-դոլար փոփոխություններն ապացուցեցին, որ ՀՀ տնտեսությունը չունի իմունիտետ արտաքին և ներքին սպեկուլյացիաների հանդեպ. «Մենք տեսնում ենք, որ երբ մոտ տասնհինգ տոկոս ավելի քիչ է արտարժույթ գալիս արտագնա աշխատանքների մեկնած մեր համաքաղաքացիների կողմից, ապա միանգամից դա ազդում է մեր տնտեսության վրա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում