«Դիտավորություն կլիներ, եթե Պուտինը հիշատակեր դրսում ՌԴ-ի ունեցած բոլոր բազաները և մոռանար Հայաստանինը». Կարեն Բեքարյան
Նմանատիպ
Լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով Times.am-ի հարցին «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն ակնարկեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդամենը վրիպակ, սխալ է թույլ տվել, որ չի հիշել Գյումրիում ռուսական բազայի մասին: Ըստ նրա՝ այստեղ դիտավորություն կարելի էր տեսնել, եթե Պուտինը հիշատակեր դրսում ՌԴ-ի ունեցած բոլոր բազաները և մոռանար Հայաստանինը, իսկ Ռուսաստանը ռազմաբազա ունի Սիրիայում, Աբխազիայում, Օսեթիայում և այլն:
Ինչ վերաբերում է Times.am-ի՝ Պուտինի ռուս-թուրքական հարաբերություններին վերաբերող ելույթին և դրա հայաստանյան արձագանքին վերաբերող հարցին, քաղաքագետը շեշտեց, թե մենք պետք է հավասարակշիռ մոտեցում ցուցաբերենք նման դեպքերում՝ հիշեցնելով, որ ՌԴ-Արևմուտք հակամարտությունների ֆոնին Պուտինը փորձում է որոշակի խնդիրներ լուծել Թուրքիայի հետ մերձեցմամբ:
«Ռուսաստանն անում է իր շահերից բխող քայլեր, հիմա կարող են լինել բաներ, որոնք մեր ճաշակով չեն: Այստեղ չպետք է նեղացկոտ կեցվածք ընդունել: Ի վերջո, պետք է հիշել, որ մենք ոչ թե համայնք ենք, այլ պետություն»,-շեշտեց քաղաքագետը:
Անդրադառնալով 2015-ին թուրքական քաղաքականությանը Ցեղասպանության 100-ամյակի ֆոնին, Բեքարյանը նկատեց, թե Թուրքիան Ադրբեջանին ցուցում է տալու անընդհատ սրել իրավիճակը սահմանին, որպեսզի հնարավոր լինի միջազգային հանրության ուշադրությունը շեղել 100-ամյակի միջոցառումներից: Մյուս կողմից Ադրբեջանը հյուրընկալելու է համաեվրոպական օլիմպիական խաղերը, ինչը մեծ ծախսեր է պահանջում, ուստի Ադրբեջանը մեծ նշանակություն է տալու դրան՝ փորձելով սահմանին չստեղծել քաոսային վիճակ և պահպանել ինչ-որ չափով հանգիստ վիճակ:
«Այսինքն, եթե Թուրքիայի գործոնը բացասական լիցք տվողն է, ապա Ադրբեջանի գործոնը դրական լիցք տվողն է: Այս բոլոր գործոններով պայմանավորված է լինելու 2015-ը: Բայց սա չի նշանակում, որ Ադրբեջանը չի օգտագործելու իր հին գործոնները. Ալիևի մոտ որևէ կերպ չի փոխվելու ներքին սպառման և ներքին խնդիրների լուծման համար ռազմատենչ հռետորաբանությունը»,-եզրափակեց Բեքարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում