«Հրապարակ». Իրական ժուռնալիստիկայի էությունը. խմբագրական

«Ո՞րն է իրական ժուռնալիստիկան: Ինչպես հանրությանն ապահովել օպերատիվ, կենդանի, իրական տեղեկատվությամբ, ասպարեզ բերել հանրության բոլոր շերտերի տեսակէտները, հնարավորություն տալ, որ արտահայտվեն ու իրենց գաղափարները տարածեն ինչպես մեծամասնություն կազմող խմբերը, այնպես էլ փոքրամասնություն կազմողները: Ինչ եղանակով կատարել հասարակության «սանիտարի» դերը, այսինքն’ ցույց տալ արատները, խոցերը, թերությունները, որոնք շտկման կարիք ունեն: Ոչ միայն մատը դնել ցավի վրա, այլև գոնե երբեմն մատնացույց անել սպեղանին: Եվ այս ամենն անել հետաքրքիր, ժամանակակից, աշխույժ լեզվով, ընթերցանության համար պիտանի նյութերի միջոցով, որոնք ոչ թե հորանջելու ցանկություն առաջացնեն, այլ բավարարեն միջին և միջինից բարձր ընթերցողի պահանջները: Եթե մամուլը ծառայում է վերը նշված նպատակներին ու գործում է նման արտահայտչամիջոցներով, կարծում եմ, հենց իրական ժուռնալիստիկան է, որ կա: Լրագրության վետերաններն այս ամենի մասին, որպես կանոն, չեն խոսում: Նրանք ամենից շատ խոսում են լրագրողական էթիկայի մասին: Բազում կանոնագրքեր են մշակել, սեմինարներ են արել այդ թեմայով: Դատափետել են, իրենց կարծիքով, էթիկան խախտող լրագրողներին, բայց մի բան այդպես էլ չեն կարողացել անել’ հետաքրքիր, մեծ տպաքանակ ունեցող, ընթերցողի կողմից սիրված, հանրությանն օգտակար թերթ ու լրատվամիջոց ստեղծել: Այնպիսի լրատվամիջոց, որը ոչ միայն էթիկայի կանոնները կպահպանի, այլև կօգնի հասարակությանը լուծել իր խնդիրները, կդառնա զսպաշապիկ իշխանության համար և այն վերջին հույսի օջախը, ուր կդիմեն մարդիկ, երբ բոլոր ատյաններից մերժված լինեն ու հուսահատ: Կկարողանա այնպիսի հրապարակումներով հանդես գալ, որոնք, այո, կցնցեն հանրությանը, կստիպեն մտածել, նախաձեռնել, փոխվել»,-գրում է «Հրապարակն» իր խմբագրականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում