Հայաստանի պետական գերատեսչությունները պետք է օգտագործեն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միացյալ քարտեզը. Տիգրան Քոչարյան

Հայաստանի պետական գերատեսչությունները պետք է օգտագործեն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միացյալ քարտեզը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բլոգեր Տիգրան Քոչարյանը (Փիղ):
Տիգրան Քոչարյանի խոսքերով, երեք տարի առաջ՝ սեպտեմբերի 3-ին, Հայաստանի մի շարք բլոգերներով ստեղծեցին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միասնական քարտեզը: Այն առաջինը իր եթերում’ եղանակի տեսության ժամին, ցուցադրեց ԱԼՄ հեռուստաալիքը։
«Միասնական քարտեզի ստեղծումը մեր՝ մի քանի բլոգերների գաղափարն էր, որի նպատակ է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ մենք ունենք այն ինչ ունենք, և ամաչելու ոչինչ չկա, մեր տարածքները մենք ազատագրել ենք»- հավելեց բլոգերը:
Քոչարյանը նշեց, որ միացյալ քարտեզը օգտագործվում և տարածվում է միջազգային տուրիստական գործակալությունների շրջանակներում, ինչը ադրբեջանական կողմին զայրույթ է պատճառում:
«Եղել են դեպքեր, երբ տուրիստական գործակալությունները տեղադրել են մեր միասնական քարտեզը, ինչի դեմ ադրբեջանցիները բողոքել են, բայց այդ ընկերության ռեյտինգն ավելացել է և ավելի շատ մարդ է եկել Հայաստան: Մեր քայլերը նման էֆեկտներ են տալիս»,– ասաց բանախոսը:
Բլոգերը ասաց նաև, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միասնական քարտեզը ընդգրկվել է Հայաստանի ազգային ատլասում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում