Բերքաբերում զինված անձինք չկան. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իրավիճակը հսկում են օդում ու ցամաքում
Նմանատիպ
Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը ողջ սահմանի երկայնքով ու խորությամբ, օդում ու ցամաքում: Այս մասին ֆեյսբուքյան իր գրառման մեջ ասում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հերքելով շրջանառվող այն տեղեկատվությունը, թե իբր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղում զինված անձինք են շրջում:
«Բավական է մի ապատեղեկատվություն, տեղեկատվահոգեբանական մի «փնթի» գրոհ Ադրբեջանի կողմից, և մեր որոշ լրատվամիջոցներ ու լրագրողներ նորից զոհ են դառնում: Կրկին ինչ-որ դիվերսանտներ մեր մեջ, ադրբեջանական դիրքերի ինչ-որ շարժեր, զենքով ուրվականներ և այլն:
Հարգելիներս, կրկին խնդրում եմ և հորդորում զերծ մնալ նման լուրերի տեղադրումից: Էժան սենսացիաները վնասում են ձեզ և ձեր հարազատներին:
Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը ողջ սահմանի երկայնքով ու խորությամբ, օդում ու ցամաքում»:
Ի դեպ, «Արմենպրես»-ի հետ զրույցում Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանն ասել է, որ գյուղում այս պահին իրավիճակը հանգիստ է, հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը: Մադաթյանը նաեւ հավելել էլ, որ չի հավատում իր համագյուղացու խոսքերին առ այն, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ տեսել է զինված անծանոթ մարդու, ով գիշերը ժամը 2-ին թակել է իր տան դուռն ու ծխախոտ ուզել.«Ես չգիտեմ, թե այդ ամենը նա որտեղից է վերցրել: Նրա աչքին է երեւացել, կամ երեւի մի բան այն չէ: Այդ մարդը ընդամենը 20 օր է, որ մեր գյուղում է: Նա եկել է այստեղ կնոջ հետ, որպեսզի ապրի պապական տանը: Գյուղում լարվածություն կա: Նրա հետ խոսել է գնդապետը, ոստիկանները: Ես չգիտեմ, թե նա ինչ է տեսել, սակայն ես չեմ հավատում նրա խոսքերին, քանի որ անհնար է, որ նման բան տեղի ունենար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում