Արթուր Աբրահամի մրցակիցը հայտնի է

Հայտնի է WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (35-3, 27) հաջորդ մրցակիցը: Ինչպես տեղեկացնում են Ա. Աբրահամի մամուլի ծառայությունից, հայազգի բռնցքամարտիկը կմենամարտի Ֆրանսիան ներկայացնող Մեդի Բուդալայի (26-4, 11) հետ: Մենամարտը նախանշված է դեկտեմբերի 15-ին, Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել էր այս տարվա օգոստոսի 25-ին’ հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:

Արթուր Աբրահամը ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի’ 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 38 մենամարտ, որոնցից 35-ում հաղթել է’ համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 4 տարի անընդմեջ (2006-2010) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի “Անդրանիկ Օզանյան” շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին’ ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար):

Հիշեցնենք, որ այս տարի Արթուր Աբրահամն արդեն 3 հաղթանակ է տոնել. հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի “Baden-Arena” համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց’ նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Երկրորդը’ Գերմանիայի Քիլ քաղաքի “Sparkassen-Arena”-ում մեր հայրենակիցը միավորների առավելությամբ հաղթեց լեհ մրցակցին’ Պյոտր Վիլշեւսկուն’ վերանվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Եվ երրորդը’ օգոստոսի 25-ին Բեռլինի “О2 World” արենայում Աբրահամը հաղթեց Ռոբերտ Շտիգլիցին’ դառնալով WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում