Բնական գազը մուտք գործեց Սոթք

Բնական գազը մուտք գործեց Սոթք

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում տոնախմբության վերածվեց բնական գազի մուտքը կամ առաջին փորձարկումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, մոտ երեք տարի տեւած եւ տարբեր փուլերով իրականացված աշխատանքի արդյունքում` վերջապես Սոթքի բնակչությունը բնական գազից օգտվելու հնարավորություն կունենա: «Առաջին 4-5 ընտանիքներն օրերի ընթացքում արդեն իրենց բնակարաններում կվառեն բնական գազը: Մինչեւ մոտեցող ձնռան սկիզբ եւս 65 ընտանիք կդառնան գազ սպառող բաժանորդներ: Արտաքին ցանցի կառուցման համար ծախսվել է 44 միլիոն դրամ, կառուցվել է 3 հազար 780 գծամետր երկարությամբ արտաքին ցանց: 41 միլիոն դրամ եւս հարկավոր կլինի ծախսել հետայսու` ամբողջ գյուղը գազաֆիկացնելու համար: Կփորձենք այս տարի եւս միջոցներ ուղղել մյուս թաղամասերի ներքին ցանցի կառուցմանը, որպեսզի մոտակա ժամանակներում բնական գազից օգտվելու հնարավորություն ունենան Սոթքի բոլոր 270 ընտանիքները»,- նշեց համայնքի ղեկավարը:

Համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշմամբ` տեղական բյուջեի միջոցներով բնական գազի ներքին ցանց կկառուցվի Վոլոդյա Ծատուրյանի բազմազավակ ընտանիքի համար: «Հնարավորության դեպքում կաշխատենք աջակցել նաեւ կարիքավոր այլ ընտանիքների: Կարեւորն այն է, որ տեւական ջանքերից հետո կարողացանք բնական գազը Սոթք հասցնել, ինչն արդեն նշանակում է կյանքի որակի բարելավում, մաքուր կենցաղի ապահովում»,-հավելեց Կոլիկ Շահսուվարյանը:

Խոսրով Խլղաթյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում