Գերմանիան ժամանակավորապես հսկողություն է հաստատել Ավստրիայի հետ սահմանում

Գերմանիան ժամանակավորապես հսկողություն է հաստատել Ավստրիայի հետ սահմանում

Հսկողություն է հաստատվել Ավստրիայի եւ Գերմանիայի սահմանին, սկսվել է անձնագրերի ստուգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Agence France-Presse-ը:

Սեպտեմբերի 13-ին Գերմանիան հայտարարել է հսկողության ժամանակավոր վերականգնման մասին, որը ներկայում իրականացվում է միայն Ավստրիայի հետ: Նպատակը փախստականների ներհոսքի զսպումն է, որոնք դաշնային հանրապետություն են ժամանում այս պես կոչված բալկանյան ճանապարհով՝ Սերբիայով եւ Հունգարիայով:

Վերջին օրերին օտարերկրացիների ընդունման Բեռլինի նախաձեռնությունը, Bild թերթի գնահատմամբ, կոլապսի է վերածվել Մյունխենի համար, որի արվարձաններում է տեղաբաշխվում փախստականի կարգավիճակ հայցողների մինչեւ երկու երրորդը: Միայն շաբաթ օրը Ավստրիայի հետ սահմանով այդ քաղաք է եկել 12,2 հազար մարդ, սեպտեմբերի 13-ին՝ շուրջ 5 հազար մարդ: Այնտեղ եկվորներին տեղավորելու լուրջ խնդիր է առաջացել: Այդ կապակցությամբ քաղաքի իշխանությունները որոշել են վերասարքավորել Օլիմպիական զբոսայգու տարածքում գտնվող մարզական շինությունները:

Բավարիայի, ինչպես նաեւ դաշնային այլ երկրամասերի ներկայացուցիչները կենտրոնական իշխանություններից պահանջել են համապատասխան կանխիչ միջոցներ ձեռնարկել: Այսպես, Մեկլեմբուրգ-Առաջադիր Պոմերանիայի ՆԳ նախարարության ղեկավարը «Բիլդ ամ զոնտագ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ հարկավոր է «կրճատել փախստականների չվերահսկվող ներհոսքը»: «Եթե դա տեղի չունենա, ապա մեկ-երկու շաբաթ անց մեր երկրամասում տեղ չի մնա եկվորներին տեղավորելու համար»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տարեսկզբից Եվրամիության երկրներ են ժամանել ավելի քան 430 հազար միգրանտներ, ինչն արդեն կրկնակի գերաանցում է 2014 թվականի ցուցանիշը: Ընդ որում մինչեւ ընթացիկ տարվա վերջն այդ թիվը կարող է կրկնապատկվել, քանի որ ներգաղթյալների հոսքն ամսեամիս ավելի է մեծանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում