Մինսկի խմբի համանախագահները դեմ են բանակցությունների ձևաչափը փոխելու նկարտումներին

Մինսկի խմբի համանախագահները դեմ են բանակցությունների ձևաչափը փոխելու նկարտումներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սպառիչ պատասխան են տվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը միջազգային այլ հարթակներ տեղափոխելու և բանակցային նոր ձևաչափեր սահմանելու Ադրբեջանի նկրտումներին: Համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄն), Իգոր Պոպովը (ՌԴ) և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) նոյեմբերի 12-ին տարածած հայտարարության մեջ հստակ նշում են, որ Մինսկի խմբի ձևաչափում ձեռք բերված միջնորդական փորձը եզակի է: Այս ձևաչափն ընդունելի է կողմերի համար և վայելում է ԵԱՀԿ անդամ պետությունների վստահությունը: «Նկատի ունենալով բանակցությունների զգայունությունը, ձևաչափը փոխելու կամ զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու փորձերը կարող են վնասել բանակցային գործընթացին և խանգարել կարգավորման հարցում գրանցված առաջընթացին: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, որոնք հետաքրքրված են հակամարտության արդար և կայուն կարգավորում գտնելու մեջ»,- նշել են համանախագահները:

Նրանք իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քննարկվելիք զեկույցի և բանաձևի նախագծին: «Մենք նկատի ենք առել ԵԽԽՎ-ի ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Մենք կիսում ենք այն մտահոգությունները, որոնք արտահայտված են բանաձևում՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանի, ինչպես նաև շփման գծի երկայնքով լարվածության բարձրացման հետ:

Մենք խորապես ցավում ենք կրած կորուստների համար, որոնց թվում կային նաև քաղաքացիական անձիք: Համաձայն ենք, որ հակամարտությունը չափազանց երկար է տևել: Կողմերը պետք է ձեռնարկեն հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ բոլոր հրատապ միջոցառումները: Մենք համոզված ենք, որ բանակցված կարգավորման հասնելու համար իրականացվող միջոցառումները պետք է հիմնված լինեն կողմերի միջև համաձայնության վրա, ինչպես ընդգծել են Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներն իրենց համատեղ հայտարարությունում, որին աջակցել է նաև միջազգային հանրո ւթյունը»:

Համանախագահները նաև հանձն են առել շարունակել աջակցությունը հակամարտող կողմերին, իրենց ԵԱՀԿ մանդատի համաձայն՝ խրախուսել հակամարտության խաղաղ, բանակցված և համընդգրկուն լուծումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում