ՄԱԿ-ի ԱԽ-ն ԻՊ-ի, «Ալ Քաիդայի», «Ջեբաթ ան-Նուսրայի» դեմ պայքարի բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի ԱԽ-ն ԻՊ-ի, «Ալ Քաիդայի», «Ջեբաթ ան-Նուսրայի»  դեմ պայքարի բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը  կոչ է արել անդամ երկրներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ԻՊ-ի և Իրաքում ու Սիրիայում  գործող այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, ավելին` ոչնչացնել ծայրահեղականների ապաստաններն այդ երկրներում: Համապատասխան բանաձևին, որը նախաձեռնել է Ֆրանսիան, կողմ են քվեարկել ԱԽ անդամ բոլոր 15 երկրները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները կազմակերպության կանոնադրության համապատասխան պետք է համակարգեն և կրկնապատկեն ջանքերը` կանխելու ԻՊ, «Ալ Քաիդա», «Ջեբաթ ան-Նուսրա» և այլ ծայրահեղական խմբավորումների ահաբեկչական ակտերը և «արմատախիլ անել անվտանգ ապաստարանը», որն ահաբեկիչները ստեղծել են Իրաքի ու Սիրիայի տարածքների զգալի մասում: Նշվում է, որ առաջիկայում կհաստատվի արգելված խմբավորումների լրացուցիչ ցուցակը: 

Բացի դրանից բանաձեւը կազմակերպության անդամ երկրներին կոչ է անում ավելի ակտիվ խոչընդոտել օտարերկրացի զինյալների հոսքին դեպի Իրաք, Սիրիա, ինչպես նաև ահաբեկիչների ֆինանսավորմանը, նավթի ու արժեքավոր իրերի  վաճառքից եկամուտների ստացմանը:  

Փաստաթուղթը «դատապարտում է այն ահաբեկչությունները, որոնք ԻՊ-ն իրականացրել է Թունիսում,  Անկարայում,  Բեյրութում, Փարիզում, ինչպես նաև Եգիպտոսի տարածքում ռուսական օդանավի կործանումը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում