Ադրբեջանը թաքցնում է «Գյունեշլի»-ի հրդեհի հետեւանքով Կասպից ծովում տեղի ունեցող լուրջ աղետը. բնապահպան

Ադրբեջանը թաքցնում է «Գյունեշլի»-ի հրդեհի հետեւանքով Կասպից ծովում տեղի ունեցող լուրջ աղետը. բնապահպան

Ադրբեջանում թաքցնում են, սակայն, «Գյունեշլի» հանքահորում ծագած հրդեհի պատճառով Կասպից ծովում շատ լուրջ աղետ է տեղի ունենում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, sputnik.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Ազգային էկոլոգիական կանխատեսումների կենտրոնի նախագահ Թելման Զեյնալովը:

«Թեպետ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավարությունն անընդհատ հայտարարում է, որ «Գյունեշլի» հանքահորի թիվ 10 հարթակում ծագած հրդեհի պատճառով շրջակա միջավայր նավթի արտահոսք չկա, մինչ այժմ հրդեհը չի հաջողվել մարել, իսկ դա նշանակում է, որ նավթի արտահոսք կա եւ այն շարունակվում է: Դա էլ խոսում է այն մասին, որ այնտեղ բնապահպանական աղետ է տեղի ունենում», – ասել է նա:

Ադրբեջանցի բնապահպանը համոզմունք է հայտնել, որ «Գյունեշլի» նավթահանքում աղետը տեղի է ունեցել ղեկավարության անփութության եւ ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով, իսկ մարդկային զոհերը` փրկարար նավակների անորակ լինելու հետեւանքով:

«Հայտնաբերված դիակների վրա փրկարար գոտիներ չեն եղել: Դա խոսում է այն մասին, որ հարթակում պատշաճ ուշադրություն չի դարձվել անվտանգության պահանջներին: Նավթային հարթակներում պետք է արտակարգ դեպքերի, անվտանգության հարցերի գծով ներկայացուցիչներ լինեն, որոնք պետք է վերահսկեն նավթագործների կողմից անվտանգության կանոնների պաշտպանումը: Հարթակում անվտանգության կանոնները չեն պաշտպանվել, ինչն էլ բերել է այդքան մարդկային զոհերի», -ասել է նա:

Ադրբեջանցի բնապահպանը խոսել է նաեւ ծագած աղետի հետեւանքների մասին:

Նրա խոսքով` եթե աղետի հետեւանքով նավթային աղտոտումները տարածվեն մերձծովյան երկրների ափամերձ շրջաններ, ապա Ադրբեջանը կկանգնի լուրջ խնդրի առաջ:

«Բնապահպանական աղետի պատճառով նրանք կարող են խոշոր տուգանքներ պահանջել Ադրբեջանից: Այդ պատճառով պետք է ոչ թե թաքցնել աղետը, այլ արագորեն կանխել այն», ասել է նա:

Դեկտեմբերի 4-ին «Գյունեշլի» հանքահորում գազի արտահոսքից ծագած հրդեհի հետեւանքով 32 մարդ զոհվել է:

Մասնագետների կարծիքով` ադրբեջանական նավթային հարթակներում հրդեհներն ու վթարները տեղի են ունենում մարդկային գործոնի` ղեկավարության մեղքով: Նրանք բազմիցս նշել են, որ այդ վթարները ղեկավարության կողմից լրացուցիչ եկամուտ ստանալու, կապիտալ վերանորոգումները հետաձգելու հետեւանք են:

Ռուսաստանյան «ՍԿԱՆԷՔՍ» արբանյակային կենտրոնը Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի «Գյունեշլի» նավթահորի թիվ 10 հարթակում արդեն 7-րդ օրը շարունակվող հրդեհի հետեւանքով Կասպից ծովի հայելում ընդարձակ նավթի արտահոսումներ եւ թանձր ծխահետքեր պատկերող դեկտեմբերի 7-ին արված լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներում, որն արվել է եվրոպական ռադիոտեղորոշիչ Sentinel-1A արբանյակից, երեւում են 200 քառ.կմ-ից ավելի մակերեսով նավթային արտահոսքերի եւ թանձր ծխի հետքեր:

«Գյունեշլի» նավթահորում գազի արտահոսքից հրդեհը սկսվել է անցյալ ուրբաթ: Վթարի պահին հարթակում գտնվել են 63 նավթագործներ (ոչ պաշտոնական տվյալներով` 84): Մինչ այժմ հայտնաբերվել են 7 նավթագործների մարմինները, 23 հոգի համարվում են անհետ կորած, 33 մարդ էլ փրկվել է:

SOCAR-ի «Ազնեվթ» ընկերության գլխավոր ինժեներ Բալամիրզա Աղառահիմովը հայտարարել է, որ ծրագրում են ամբողջությամբ դադարեցնել այրվող «Գյունեշլի» հարթակում նավթի եւ գազի արդյունահանումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում