Տանջանքներ, էրոտիկա, պիցցա | Ինչպե՞ս են մարզիչները մոտիվացնում ֆուտբոլիստներին
Նմանատիպ
Վերջերս «Մալյորկայի» նախկին պաշտպան Անդերսոն Կոնսեյսաուն պատմել է մարզիչ Խոակին Կապարոսի աշխատաոճի կծու մանրամասները: 2012-13թթ. մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում «Մալյորկայի» գործերը լավ չէին ընթանում. դեկտեմբերին թիմը հայտնվել էր վտանգավոր գոտում, իսկ «Լևանտեի» հետ նախորդ հանդիպումն ավարտել էր 0:4 հաշվով: Խոակին Կապարոսն «Ատլետիկի» դեմ խաղից առաջ ֆուտբոլիստներին առաջարկեց մի տեսանյութ դիտել: «ESPN»-ից մեջբերում ենք Կոնսեյսաուի խոսքերը.
«Նա մի տեսանյութ միացրեց: Պատկերացրեք մեր դեմքի արտահայտությունը. դա 18+ տեսագրություն էր: Ոչինչ չէինք հասկանում, ամերիկյան էր: 30 վայրկյան տևեց, բայց անմոռանալի տպավորություն թողեց: Մարզիչը ցանկանում էր ուրախացնել մեզ, բարձրացնել մեր տրամադրությունը, բայց մենք ավելի շատ շփոթվեցինք: Էկրանը ցույց տալով՝ նա ասաց. «Դուք աշխատանքին այնպիսի կրքով պետք է տրվեք, ինչպես այս դերասանը»: Տպավորիչ էր: Ինձ դուր էր գալիս Կապարոսի հետ աշխատել, նա միշտ լեզու էր գտնում ֆուտբոլիստների հետ»:
Ամեն դեպքու, խորամանկ մեթոդը չաշխատեց. «Մալյորկան» պարտվեց «Ատլետիկոյին», իսկ Կապարոսը 2 ամիս անց փոխադարձ համաձայնությամբ խզեց ակումբի հետ պայմանագիրը: Նշենք, որ Կապարոսն այն մարզիչներից է, ում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է որպես Վիսենտե դել Բոսկեին փոխարինողի…
Սակայն, Խոակին Կապարոսը միակը չէ, ով ֆուտբոլիստներին ոգևորելու համար անսովոր տարբերակներ է օգտագործում: Վերհիշենք նմանատիպ պատմություններ:
Կլաուդիո Ռանյերի. «Գլադիատորից» մինչև երգեր ու պիցցա
2010-ին Կլաուդիո Ռանյերիի «Ռոման» երկու ճակատով լուրջ պայքար մղեց «Ինտերի» դեմ: Գարնանը «գայլերն» առաջնության առաջին հորիզոնականում էին և այն զիջեցին միայն մրցաշրջանի վերջնամասում, ինչպես նաև պարտվեցին «Ինտերին» Իտալիայի գավաթի եզրափակչում: Խաղից հետո Ժոզե Մոուրինյուն հեգնանքով պատասխանեց Ռանյերիի քննադատությանը: Նա հիշեցրեց, որ մրցակցի մարզիչն իր ֆուտբոլիստներին խթանելու նպատակով «Գլադիատոր» ֆիլմից հատվածներ էր ցուցադրել:
«Եթե իմ ֆուտբոլիստներին «Գլադիատոր» ֆիլմից հատվածներ ցուցադրեի, նրանք կծիծաղեին ինձ վրա կամ բժիշկ կկանչեին»,-ասել էր «Ինտերի» այն ժամանակվա գլխավոր մարզիչը:
Այն, ինչ չի աշխատում «Ռոմայում», աշխատում է «Լեսթերում»: Ճիշտ է, Ռանյերին «աղվեսներին» ոչ թե գլադիատորներ այլ մարտիկներ դարձրեց, և նրանց դաշտ դուրս բերեց «Kasabian» խմբի «Fire» երգի ներքո:
«Ես ասացի ֆուտբոլիստներին. «Երբ դաշտ եք դուրս գալիս, այս երգը լսեք»: Սա նշանակում է՝ դուք պետք է մարտիկներ դառնաք ու պայքարեք մինչև վերջ»:
Հետո Կլաուդիոն թիմին մոտիվացրեց պիցցայի միջոցով: Մրցաշրջանի սկզբում «Լեսթերը» զարմացրեց արդյունավետությամբ և մրցաշարային աղյուսակում դիրքով, բայց թիմին դեռևս պակասում էին տակտիկական մակարդակն ու կարգապահությունը, ու «աղվեսները» գոլեր շատ էին բաց թողնում: Սեպտեմբերին Ռանյերին առաջարկեց առաջին «չոր» հանդիպումից հետո իր հաշվին բոլոր ֆուտբոլիստների համար պիցցա գնել: Ժամանակն անցնում էր, իսկ «Լեսթերը» շարունակում էր գնդակ բաց թողնել: Այդ ժամանակ Կլաուդիոն հայտարարեց. «Հնարավոր է՝ ֆուտբոլիստներին դուր չի գալիս առաջարկս, ու նրանք պիցցան բավարար չեն համարում: Լավ, ուրեմն պիցցա և հոթ-դոգ իմ կողմից»:
Դա աշխատեց: 9-րդ տուրում «Քրիսթալ Փելասը» պարտվեց առանց պատասխան գնդակի, իսկ Ռանյերին ֆուտբոլիստներին պիցցա հյուրասիրեց: Բնականաբար, շոու կազմակերպեցին. Վարդին, Մարեզն ու մյուսները պատրաստեցին խմորը, լցոնեցին այն, հանեցին վառարանից ու կերան սեփական ձեռքերով պատրաստած պիցցան:
VIDEO: Claudio Ranieri took the first team squad to @PeterPizzeria after #lcfc‘s clean sheet against @CPFChttps://t.co/oU2bhuZfho
— Leicester City (@LCFC) 30 октября 2015 г.
Ֆելիքս Մագատ. Դահուկներ, խոշտանգումներ և տուգանքներ
Ոչ վաղ անցյալում գերմանացի մարզիչը հնչեղ առաջարկով հանդես եկավ` զրոյական ոչ-ոքիի դեպքում երկու թիմերից էլ միավորներ հանել: Նա կարծում է, որ դա ֆուտբոլիստներին կխթանի մինչև վերջ հաղթանակի համար խաղալ: Յուրօրինակ են Մագատի ոչ միայն խոսքերը, այլև մոտիվացնող մեթոդները:
Երբ Մագատը մարզում էր «Շտուտգարտը», պարտություններից մեկից հետո նա թիմին թեթև հագուստով ուսումնամարզական դաշտ դուրս բերեց և հրամայեց անշարժ կանգնել ձյան տակ: Մագատը կարծում էր, որ նախօրդ օրը ֆուտբոլիստները բավարար չափով չէին տեղաշարժվել դաշտում, դրա համար էլ պետք է կես ժամ անշարժ կանգնեն: Մագատի խթանիչ մեթոդներից էր նաև պարտված խաղերից հետո ֆուտբոլիստներին երկարատև վազքի դուրս բերելը: Ըստ մարզչի, թիմի խաղացողներն ամեն ինչ կանեին, որպեսզի ծանր խաղից հետո 10 կմ չվազեին: Ի դեպ, լրագրողները Գերմանիայում Ֆելիքսին Կվելիքս էին անվանում, ինչը մեկնաբանվում է որպես «տանջող»:
Ֆելիքսի մասին ամենատպավորիչ պատմություներից մեկն այն ժամանակների մասին է, երբ նա նոր էր կերտում մարզչական կարիերան: «Համբուրգում» Մագատը ֆուտբոլիստներին ստիպում էր դահուկներով վազել, ու նրան չէր էլ հուզում, որ օրինակ՝ Թոնի Յիեբոան մինչև այդ դահուկներ չէր էլ տեսել: Ֆելիքսը նրան օգնել չէր թույլատրում, ու այդպես ռազմիկի որակներ էր զարգացնում ֆուտբոլիստների մեջ:
Սակայն, ֆուտբոլիստներին դաստիարակելու լավագույն միջոցն ըստ Ֆելիքսի գումարային տուգանքն է: Տուգանում էր ամեն ինչի համար՝ ուշացման, խաղի ժամանակ լավ չաշխատելու, սխալների: «Շալկեում» Մագատի երկու պաշտպաններ անկյունային հարվածի ժամանակ տեղերով փոխվեցին, իսկ խաղից հետո յուրաքանչյուրը 10.000 եվրո տուգանք վճարեց: Մարիո Մանջուկիչը ևս 10.000 եվրո տուգանք վճարեց գնդակը կորցնելուց հետո պայքարի մեջ չմտավ: Դա ֆուտբոլիստների գերմանական միության զայրույթը շարժեց, ու նույնիսկ սպառնացին դատի տալ Մագատին:
Լուի վան Գալ
Իտալացի հարձակվող Լուկա Տոնին հիշում է, որ «Բավարիայում» Լուի վան Գալի համար չափազանց կարևոր էր թիմի կամքը, և յուրաքանչյուրը, ով չէր համապատասխանում նրա պահանջներին, կարող էր դուրս մնալ թիմից: Լուի վան Գալն իր սաներին անընդհատ տղամարդ լինելու կոչեր է արել:
«Նա անընդհատ ամորձինների ու տղամարդկության մասին էր խոսում: Մի անգամ նա իջեցրեց հագուստն ու մեզ իր ամորձինները ցույց տվեց: Բարեբախտաբար, հեռվում էի նստած ու քիչ բան տեսա: Դա աննորմալ էր»:
Սեմ Էլլարդայս. Մոտիվացիոն ուղեցույց
Բրիտանացի մարզիչը մոտիվացիան իր աշխատանքի կարևոր բաղադրիչն է համարում, և այդ թեմայով ուղեցույց է կազմել: Էլլարդայսը կարծում է, որ ամենակարևորը ֆուտբոլիստներին պարտվելու մշակույթին ընտելանալ թույլ չտալն է: Դրա համար նա առաջարկում է ազդել ֆուտբոլիստների գիտակցության վրա և պարտությունից հետո փոխել նրանց դասավորությունն ու մարտավարությունը: Նոր դասավորությունը կարող է նախորդից վատը լինել, բայց, եթե ֆուտբոլիստները մտածեն, թե դա կօգնի լուծել խնդիրը, ապա հոգեբանորեն տրամադրվելով՝ կարող են հաջողության հասնել:
Էլլարդայսի կարծիքով, մեծ խաղերից առաջ ֆուտբոլիստներին ոչ թե հարկավոր է մոտիվացնել, այլ հակառակը. «Եթե ձեր ֆուտբոլիստներին պատրաստում եք եզրափակիչ խաղին, ապա խուսափեք նման ֆուտբոլիստներից: Մարտիկներին պատրաստել հարկավոր չէ: Ընդհակառակը, նրանք առավելագույնս էմոցիոնալ են, և նրանց հարկավոր է հանգստացնել»,-ասում է Էլլարդայսը:
Հետագրության փոխարեն.
Երկնքին ձգտելով՝ կհասնեք առաստաղին: Առաստաղին ձգտելով՝ կմնաք հատակին:
Բիլ Շենկլի: