Պակիստանում ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել է 72-ի
Նմանատիպ
Պակիստանի Լահոր քաղաքի զբոսայգում իրականացված պայթյունի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է առնվազն 72 մարդ, այդ թվում՝ շուրջ երեք տասնյակ 30-ը երեխաներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական Dawn թերթի կայքին:
Վիրավորվել է ավելի քան 300 մարդ, ներառյալ 56 երեխա: Նրանք հոսպիտալացվել են քաղաքի տարբեր կլինիկաներում: Ինչպես հայտնել են բուժաշխատողները, հիվանդանոցներում չեն բավականացնում տեղերը: Վիրավորվածներից շատերին տեղավորել են հատակին:
Մահապարտ ահաբեկիչը պայթյունն իրականացրել է զբոսայգու մուտքի մոտ՝ երեխաների համար նախատեսված հատվածի եւ դրամարկղերի մերձակայքում: Ընտրելով այս տեղը՝ նա հույս ուներ վնասել առավելագույն թվով մարդկանց, նշել են ոստիկանությունում: Ըստ նախնական տվյալների՝ ահաբեկչի մոտ եղել է մինչեւ 10 կիլոգրամ պայթանյութ:
Իրավապահ մարմինների աշխատակիցները ահաբեկչի մարմնի մոտ հայտնաբերել են նրա անձնագիրը: Ինչպես նշվում է փաստաթղթում, նա Փենջաբի նահանգի Մուզաֆարգարհ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988 թվականի հունվարի 1-ին: Ոստիկանության ուժեղացված կարգախումբը հատուկ գործողություն է անցկացրել նրա բնակության վայրում եւ ձերբակալել 15 մարդու, այդ թվում՝ երկու եղբայրների:
Պայթյունի պահին զբոսայգին լեփ-լեցուն էր այցելուներով: Զատիկի տոնը նշելու համար այստեղ էին եկել քրիստոնյաները, որոնք կրոնական փոքրամասնություն են Պակիստանում:
Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժման հետ կապված «Ջամաաթ ուլ Ահրարա» ահաբեկչական խմբավորումը: Ծայրահեղականները հայտարարել են, որ իրենց թիրախում եղել են քրիստոնյաները:
Հարձակումից քիչ անց Փենջաբի կառավարությունը կարգադրել է փակել բոլոր հանրային զբոսայգիները: Նահանգում եռօրյա սուգ է հայտարարված: Իրադրությունը հսկելու համար ներգրավված են բանակային ստորաբաժանումներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում