Արցախցու անկախ ապրելու իրավունքն արգենտինահայերի առաջնային խնդիրը կդառնա. Նախագահ Մաքրիին նամակ է ուղարկվել (ֆոտո)
Նմանատիպ
Արգենտինայի հայ համայնքում շարունակվում է Արցախի վերաբերյալ քննարկումների շարքը: Սույն թվականի ապրիլի 19-ին Արգենտինահայոց Թեմի Առաջնորարանում էին հավաքվել գաղութի բոլոր հաստատությունների, կազմակերպությունների և միությունների ղեկավար կազմը, արգենտինահայ նշանավոր իրավաբաններ, ինչպես նաև Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսան Հարությունյանը: Այս մասին Times.am-ին փոխանցեց Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:
Գերաշնորհ Գիսակ Արքեպս. Մուրադյանի առաջնորդությամբ ժողովականները սկսեցին իրենց քննարկումները: Հայ Կենտրոնի ատենապետ և Գերագույն Խորհուրդի անդամ Տիար Ալբերտո Ճերեճյանը ներկաներին ներկայացրեց հավաքի նպատակները, նշելով, որ անհրաժեշտ է միաբանված կերպով կանգնել Արցախի կողքին:
Ներկաների ցուցադրվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արամ Ա Կաթողիկոսի այցը Արցախ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանի կատարած մասնավոր այցը, որի ընթացքում բազմաթիվ զինվորականներ խրախուսվեցին և պարգևատրվեցին իրենց գործած քաջագործությունների համար: Այնուհետև դեսպան Ալեքսան Հարությունյանը ներկայացրեց վերջին օրերին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքը:
Անցնելով բուն քնարկումներին, հավաքվածները առիթ ունեցան հայտնելու իրենց մտահոգությունները ստեղծված իրավիճակում և առաջարկեցին զանազան կարծիքներ օժանդակելու Արցախի ժողովուրդի արդար արարումի և ապրումի համար: Բոլոր ներկաները հաստատելով իրենց պատրաստակամությունը աշխատելու այս ուղղությամբ, կարևորեցին առաջիկա անելիքների խնդիրները և որոշեցին Արգենտինահայ գաղութի անունից նամակ ուղարկել Արգենտինայի Հանրապետության Նախագահ Մաուրիսիո Մաքրիին: Ժողովականները ավարտելով իրենց քննարկումները, հաստատակամորեն նշեցին, որ այսուհետ Արցախին վերաբերող խնդիրները և արցախցիների ազատ և անկախ ապրելու իրավունքը իրենց համար դառնում է առաջնային գործընթաց հետագա անելիքների իրականացման ծրագրերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում