Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ կիրականացվեն

Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ կիրականացվեն

Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների պատվիրակությունը (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը և այլ կազմակերպություններ) ապրիլի 19-ին հանրագիր է հանձնել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Անջելին Էյսինկին: Խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկա էին հանրագրի հանձնման ժամանակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Համագործակցող հոլանդահայ կազմակերպություններից:

Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների անունից տիկին Ինգա Դրոստը երախտագիտություն հայտնեց Հանձնաժողովի անդամներին, ովքեր 2015 թվականի մայիսին այցելել են Հայաստան և ովքեր ներգրավվածություն ունեն հայերին վերաբերող հարցերում: Ինչպես նախորդ տարի, նրանցից շատերը այս տարի ևս ապրիլի 24-ին մասնակցելու են Մեծ Եղեռնի ոգեկոչման միջոցառումներին։

Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա (FAON), Հայ Դատի հանձնախումբ, Հայ երիտասարդական «AJO» կազմակերպություն, Հայ ուսանողական «Գլաձոր» միություն և Հայ երիտասարդական «Գարեգին Նժդեհ» միություն) ներկայացրեցին հանրագրի տարբեր պահանջները` Նիդերլանդների կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումը և Ռաուֆուտի բանաձևի դրույթների իրականացումը, թուրքական և ադրբեջանական կազմակերպությունների ներկայացուցիչների ընդդեմ հայերի խտրականություն և ատելությու ն սերմանող արտահայտությունների դատապարտումը և հոլանդական քաղաքական և հասարակական կյանքում Անկարայի թաքուն միջամտության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Առաջ քաշվեց նաև Հայոց ցեղասպանության հետևանքով հայերի կորուստների անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման հարցը, ինչպես նշված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում։

Առաջիկա շաբաթ օրը Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները հանրահավաք-ցույց կանցկացնեն Ամստերդամի կենտրոնում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ:

Կիրակի օրը, ապրիլի 24-ին, կկայանան ոգեկոչման միջոցառումներ Նիդերլանդների հայկական հուշարձանների մոտ:

Ապրիլի 19-ին Հայ ուսանողական «Գլաձոր» միության պատվիրակությունը մեկնել է Հայաստան` մասնակցելու Մեծ Եղեռնի 101-րդ տարելիցի միջոցառումներին։ Ապրիլի 24-ին պատվիրակության անդամները կլինեն Ծիծեռնակաբերդում և Համագործակցող հոլանդահայ կազմակերպություններ անունից ծաղկեպսակ կդնեն Ցեղասպանության զոհերի հուշարձանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում