Արտաշատի թատրոնը ցեղասպանության թեմաներով ներկայացումների հասույթը կփոխանցի Արցախին
Նմանատիպ
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Ցեղասպանության 101-րդ տարելիցի շրջանակում հանդես կգա մի քանի ներկայացմամբ, որոնց ողջ հասույթը կփոխանցվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
Մարկ Արենի «Վայրի վարդեր» ներկայացումը ցուցադրվել է ապրիլի 20-ին: Սպասվում է եւս մեկը` ապրիլի 26-ին: Իսկ Պարույր Սեւակի «Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց» ներկայացումը հանդիսատեսը կարող է դիտել ապրիլի 27-30-ը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյակին նվիրված այս երկու բեմադրություններին՝ թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը նշեց, որ դրանք նախորդ տարի շատ սիրվեցին եւ ընդունվեցին հանդիսատեսի կողմից: «Հաշվի առնելով ապրիլյան տարելիցի օրերը եւ բնակչության տրամադրությունը՝ մենք որոշեցինք դրանք կրկին ներկայացնել»,- նկատեց Սայադյանը: Անդրադառնալով հասույթն Արցախին տրամադրելու իր նախաձեռնությանը՝ նա շեշտեց. «Որպես հայ մայր, որ պես կին հպարտ եմ մեր տղաների կատարած սխրանքներով: Համոզված եմ, որ մեր թատրոնի կողմից տրամադրվելիք այս ներդրումը կծառայի իր նպատակին` օգտակար լինելով բանակին»,-ասաց նա:
Մոսկվաբնակ տաղանդավոր գրող Մարկ Արենի /Կարեն Մարգարյան/ «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը» պիեսի հիման վրա ստեղծված մեկժամանոց բեմադրության մեջ ընդգրկված են թատրոնի դերասանական անձնակազմի 20 արտիստներ եւ հինգ երեխա: Հեղինակն անդրադարձել է ցեղասպանության հետեւանքներին, որ կրում են ոչ միայն վերապրածները, այլեւ նոր սերունդը: Նույնիսկ սիրող զույգերը ստիպված են հաշվի նստել իրենց նախնիների կատարած ոճիրի հետ: Գլխավոր հերոս Դանիելը հրաժարվում է սիրած աղջկանից, որովհետեւ նա թրքուհի է: Ողբերգություն է ապրում նաեւ Արամի ընտանիքը, երբ պարզվում է, որ իրենց հայրը հայ է: Ներկայացումը նոր սերնդին հորդորում է չմոռանալ իր արմատները:
Երկրորդ բեմադրությունը «Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց» գրական-երաժշտական 40- րոպեանոց կոմպոզիցիան է` ստեղծված Պ. Սեւակի «Եռաձայն պատարագ» եւ «Անլռելի Զանգակատուն» ստեղծագործությունների հիման վրա:
Բեմադրությունների գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր գործիչ Հայկ Մնացականյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում